Արցախի ՀԱԵ-ն նոր հոգեվոր հովիվ ունի

Վերջին երկու կիրակիները՝ դեկտեմբերի 6-ը և 13-ը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում նշանավորվեցին հրաժեշտի ու նոր պաշտոնակոչությունների արարողություններով։ Հետպատերազմյան Արցախում, այսուհետ, ՀԱԵ-ն կհովվի պատվելի Խաչատուր Խաչատրյանը։

Դեկտեմբերի 6-ին՝ կիրակնօրյա պաշտամունքի ընթացքում, պատ․ Խաչատրյանը հրաժեշտ տվեց Ստեփանավանի ՀԱԵ համայնքին, որի հոգևոր հովիվն էր վերջին 13 տարիներին։ Աստծո Խոսքից առնված նրա պատգամը ևս մեկ անգամ հիշեցնում էր այն մասին, որ Աստված է ընտրում մեր ճամփան (Սաղմոս 32․8, Հակոբոս 4․13-17)։

Նույն օրը ՀԱԵ հոգևոր խորհուրդը Ստեփանավանի համայնքին ներկայացրեց նաև փոխարինող հովվին՝ Վեր․ Գևորգ Գասպարյանին, ով ժամանակավորապես կհովվի Վանաձորի և Ստեփանավանի համայնքները համատեղության կարգով։ Ստեփանավանի ՀԱԵ անդամներն իրենց երախտիքի խոսքն ուղղեցին պատ․ Խաչատրյանին, իսկ հոգաբարձուները հատուկ աղոթք բարձրացրին նրա համար։

Դեկտեմբերի 13-ին հրաժեշտի և նոր հովվի պաշտոնակոչության արարողություն էր արդեն Ստեփանակերտում։ Համայնքը հրաժեշտ տվեց Վեր․ Վարդան Ափինյանին, ով Արցախի ՀԱԵ հովիվն էր  վերջին 2 տարիներին, հոգաբարձությունն աղոթեց նրա համար: Այնուհետև համայնքը ողջունեց նոր հովվին՝ պատ․ Խաչատուր Խաչատրյանին։ Կիրակնօրյա պաշտամունքի ընթացքում տեղի ունեցավ պաշտոնակոչության հատուկ արարողություն, որի ժամանակ պատ․ Խաչատուր Խաչատրյանը, պատասխանելով ՀԱԵ միության նախագահ վեր․ Ալբերտ Փայտյանի՝ արարողակարգով նախատեսված հարցերին, համայնքի առջեւ հանդիսավորությամբ խոստացավ հավատարմությամբ կատարել ծառայությունն ու հավատարիմ մնալ իր կոչմանը: 

Պատ․ Խաչատուր Խաչատրյանը ծնվել է 1966 թ.: Ավարտել է Վանաձորի պոլիտեխնիկական համալսարանը և աշխատել «Ավտոմատիկա» գործարանում։ Ապաշխարել է 1992 թվականին: 1993 թ․-ից սկսել է ծառայել Վանաձորի ՀԱԵ-ում՝ որպես երիտասարդաց խմբի առաջնորդ, իսկ ամռան շրջանում ծառայել է ճամբարներում՝ որպես պատանյաց և երիտասարդաց խմբերի առաջնորդ։ 1996 թ․-ից ներգրավվել է Վանաձորի ՀԱԵ բոլոր ծառայություններում։ 2007 թ․-ից հովվել է Ստեփանավանի ՀԱԵ-ն։