ՀԱԵ Առցանց ճամբարների մեկնարկը տրված է

Եթե մի օր ճամբարականներին հարցնեք, թե որն է Շողիկ/Շուշի ճամբարի լավագույն տարին։ Կշփոթվեն, կսկսեն հիշողության դարակները քանդել` փորձելով համեմատական անցկացնել` մտաբերելով` որ թվականին նոր, անբացատրելի զգացումներ ու հիշողություններ ձեռք բերեցին։ Ի վերջո հասկանալով, որ բոլոր տարիներն էլ սրտին մոտ են, մեղավոր հայացքով կնայեն ու կասեն` բոլորը։

Հարցի պատասխանը նույնը կլիներ 2020, 2025 և 2030 թվականներին, եթե համաճարակը չորոշեր անցնել 5938 կմ` Չինաստանից այցելելով Հայաստան, և հակառակ մեր հյուրընկալ ազգ լինելու փաստին, չդառնար անցանկալի հյուր։

Սակայն ինչպես ասում է Քամյուն «Ժանտախտ»-ում. «Աշխարհում չկա մի իրադարձություն, որ իր դրական կողմը չունենար, եթե լավ ուսումնասիրվեր»։

Այսպես ՀԱԵ ծառայողները, սրտում ճամբարի կարոտ, աչքերում հուսալքություն, իսկ ձեռքերում սահմանափակ հնարավորություններ ունենալով, սկսեցին լավ ուսումնասիրել, իսկ Իմաստունների Իմաստունը, Գաղափարների Իշխանը` Աստված, լուսավորեց խավար մտքերը` տալով դրական պատկերացումներ, գաղափարներ, գործելու ուղղություններ։

Դե ինչ, Նրա առաջնորդությամբ սկսեցինք....

Հանքավանյան և Արցախյան բացումներին չզիջող անսպասելի քայլեր, խմբակային խենթ նկարներ, նոր ծանոթացումներ ու հին ընկերներին նորովի բացահայտելու հնարավորություններ։

Սա մի ընթացք էր`

Աստծո խոսքի շուրջ հավաքվելու և նույնիսկ խմբային քննարկումներ իրականացնելու, սահմանափակ պատկերացումներն կոտրելու ու Ամենակարողին այսպես փառաբանելու։

Մեր ներաշխարհը հոգեբանական տեսանկյունից դիտարկելու, մեր մեջ ու մեր կողքին բլոգերներ, կինոմատոգրաֆիստներ բացահայտելու։

Խաղալու, այո, այո, ԽԱ-ՂԱ-ԼՈՒ, անկախ տարիքից ու պարտադիր անցանկալի տարածությունից լիաթոք խաղալու, պայքարելու, հաղթելու և ամենակարևորը սպասված մրցանակներին արժանանալու։

- Ի՞նչ օնլայն ճամբար, էէէէ՜՜՜,- այսպիսին էր առաջին արձագանքը։

-Ի՞նչ, օնլայն ճամբար, ու՜խ ,- և այսպիսին էր ճամբարի թոհուբոհին արդեն ծանոթացածների արձագանքը։

Առաջին անգամ իրականացվեց առցանց ճամբար, որի մեկնարկը տրվեց 29.05.2020 -ին։ Երկու շաբաթ երեք հերթափոխով ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին համակարգիչների և բջջային հեռախոսների միջոցով ավելի քան 200 աշակերտի հյուրասենյակ վերածվեց պաշտանմունքային սրահի, խաղադաշտի, ճաշարանի, իսկ սահմանված 5 ժամը անցավ այնքան արագ, որքան ճամբարային 5 օրը։

Սակայն սա ամենը չէր, Նրանով միաբանվելու նպատակը շարժվեց Երևանից մինչև Ստեփանավան, Իջևանից մինչև Նոյեմբերյան, Սիսիանից մինչև Շուշի և իրականացավ 10.06.2020-ին ZOOM հարթակում։ Բոլորը միասին էին, բոլորը մեկ էին, բոլորը մի ամբողջ մարմնի մաս էին։

Արտաքին խոչընդուտներ` հեռավորություն,դիմակներ, սակայն ներքին ամուր կապ ու միաբանություն։

Անվստահ քայլեր, որոնք հաստատվեցին Աստծո կողմից։ Օդից կախված մտքեր, որոնք ամբողջացվեցին Նրա միջնորդությամբ։

Սա սիրո և համերաշխության մթնոլորտում միաբանվելու մի նոր ընթացք էր։ Մի նոր հարթակ, որը ծառայեցրինք Նրան փառք բերելու համար, «Նրանից, նրանով, Նրանում» -ում հարատևելու համար։

Եվ եթե հիմա` 2020 թվականին, ՀԱԵ աշակերտաց խմբի Շողիկ/Շուշի ճամբարականներին հարցնեք, թե որ ճամբարն էր ամենայուրահատուկն ու տարբերվողը, սահմանափակ կարողություններ ու իրավիճակներ կոտրողը, ապա պատրաստ եղեք լսել ` 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՑԱՆՑ ԱՇԱԿԵՐՏԱՑ ՃԱՄԲԱՐԸ լավագույն հետևորդներով, ովքեր խոստացան իրենց հետևորդներին դարձնել Աստծո հետևորդներ։

Թեհմինե Առաքելյան

Առցանց աշակերտաց ճամբարի ծրագրային թիմի ծառայող