Հայաստան-Մերձավոր Արեվելք առցանց աղոթաժողով

«Աղոթքը Աստծո ներկայության ուժի և սիրո անբացատրելի ընդգրկումն է, որը խիստ անհրաժեշտ է հատկապես հովիվներին, ովքեր ամենօրյա ծառայության ընթացքում շատ են աղոթում ուրիշների համար, բայց իրենք ևս խոր, ի սրտե աղոթքի կարիք ունեն»,- նկատեց Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը, ում նախաձեռնությամբ դեկտեմբերի 6-ին Հայաստանի և Մերձավոր Արևելքի ՀԱԵ 42 հովիվներ ու ծառայողներ միաբանվեցին աղոթքով՝ առցանց հարթակում: Աղոթաժողովին մասնակցում էին նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) գործադիր տնօրեն Զավեն Խանջյանն ու ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը:

Հանդիպումը սկսվեց վեր. Մելքոնյանի ողջույնի խոսքով: Այնուհետև Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վեր. Մկրտիչ Կարագյոզյանը փառաբանության և շնորհակալության աղոթք բարձրացրեց առ Աստված, Տիրոջ գահի առջև բերելով նաև այն տառապանքը, որը պատերազմից հետո կեղեքում է Հայաստանն ու Արցախը:

Հանդիպման հոգևոր խորհրդածության բաժինը Բեյրութի Հայկազյան համալսարանի տնօրեն, վեր.դոկ. Փոլ Հայդոսթյանն առաջնորդեց: Վերապատվելին անդրադառնալով Միքեա 7.8-ին և նաև մեջբերելով Պողոս առաքյալի խոսքերը կարևորեց ընկնելուց հետո ոտքի կանգնելու հանգամանքը:

Այնուհետև, Լիբանանի Անճար քաղաքի ՀԱԵ հոգևոր հովիվ պատ. Հակոբ Ակբաշարյանն աղոթեց Արցախի պատերազմի ընթացքում մարդկային կորուստներ ունեցած ընտանիքների մխիթարության համար:

Քաջալերանքի խոսքով հանդես եկավ ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, նկատելով, որ տառապեցնող տագնապի մեջ լուծում պետք է բոլորս փնտրենք, և ԱՀԱԸ-ն գործով է ցույց տալու դա: Զավեն Խանջյանը խնդրեց հովիվներին, որպեսզի հիշեն ԱՀԱԸ-ն իրենց աղոթքներում:

Հանդիպումը շարունակվեց վեր. Նշան Բակալյանի աղոթքով: Վերապատվելին Աստծո առջև բերեց պատերազմի հետևանքով ընկճված, լքված ու անհույս մնացած հայրենակիցներին, անհետ կորած զինվորներին:

ՀԱԵ Գյումրու հոգևոր հովիվ պատ. Արամ Բաբաջանյանը ներկայացրեց Հայաստանում ստեղծված իրավիճակն ու մարտահրավերները, որից հետո Արցախից նոր վերադարձած հովիվները՝ Մհեր Շարբաթյանն ու պատ. Արման Մարտիրոսյանը ներկայացրեցին Արցախում տիրող իրավիճակը, խոսեցին իրենց կատարած ծառայությունների մասին, նկատեցին, որ Ստեփանակերտը սկսել է վերակառուցվել, մարդիկ վերադառնում են իրենց տները, փորրձում են նոր կյանք սկսել, բայց ժամանակ և ներուժ է հարկավոր Արցախի վերքերն ամոքելու համար։

Արցախից վկայությունները լսելուց հետո, ՄԱՀԱԵ պատվելի Ժիրայր Ղազարյանը աղոթեց Հայաստանի ու Արցախի ներկայի ու ապագայի համար, հույսի համար։ Այնուհետև, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Աստվածաբանական դպրոցի ուսանող Ասատուր Մնչրյանն աղոթեց հայ գերիների համար։

Հանդիպումն Ավարտվեց Հունաստանում ՀԱԵ հոգևոր հովիվ վեր․ Վիգեն Չոլակյանի աղոթքով։ Վերապատվելին Աստծո կենարար ուժը խնդրեց Հայրենիքի և հայ ժողովրդի համար։