ՀԱԵ-ն Աբովյանում նոր պաշտոնակոչված հովիվ ունի

Աբովյանի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու համար 2018թ.-ի սեպտեմբերի 9-ին կրկնակի տոն էր: Կիրակնօրյա պաշտամունքի ավարտին տեղի ունեցավ եկեղեցու նոր հովվի պաշտոնակոչության և քարոզչության արտոնության արարողությունները: ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀԱԵ Աբովյանի համայնքը մեկ տարի հովված պատ.Արամ Բաբաջանյանին եւ փառք տվեց Աստծուն նրա անձնվեր ծառայության համար, այնուհետեւ առջեւ հրավիրվեց Արմո Արզումանյանը եւ, ընթացակարգի համաձայն, պատասխանեց ՀԱԵ միության նախագահ Վեր. Ալբերտ Փայտյանի հարցերին՝ Աստծո ու համայնքի առջեւ ստանալով քարոզչության արտոնություն եւ ստանձնելով Աբովյանի ՀԱԵ հովվի ծառայությունը: Այնուհետեւ նորընծա հովվի համար աղոթեց ՀԱԵ ավագ հովիվը: Պաշտամունքն ավարտվեց պատ.Արամ Բաբաջանյանի աղոթքով, ով Աստծուց առաջնորդություն խնդրեց նոր հովվի, եւ հավատարմություն՝ համայնքի համար:

Արարողությունը համայնքի առջեւ վկայություն էր այն բանի, որ այսուհետեւ Պատվելի Արմո Արզումանյանը Աբովյանի ՀԱԵ-ում իրավունք ունի ոչ միայն Աստծո Խոսքը քարոզելու, այլեւ ՀԱԵ հիմնական խորհուրդները կատարելու՝ հաղորդություն մատուցելու եւ մկրտելու: Մինչ այս արարողությունը՝ ամիսներ առաջ ՀԱԵ հովվական հանձնախումբը ՀԱԵ հոգեւոր խորհրդի լիազորությամբ, գործող ընթացակարգի համաձայն, ուսումնասիրել էր Արմո Արզումանյանի աստվածաբանական կրթությունը, ծառայության փորձառությունը, վարդապետությունը եւ հաստատել հովվական քարոզչության արտոնությունն ու պատվելիի կոչումը:

Պատ. Արմո Արզումանյանը ՀԱԵ Աբովյանի համայնքի համար նոր մարդ չէ: Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ ընդունել է 21 տարի առաջ: 2008-2013թթ. սովորել եւ ավարտել է Կալիֆորնիայի Լեյքֆուդի Աստվածաբանական համալսարանի երեւանյան մասնաճյուղը: 2014թ.-ից ծառայել է Աբովյանի ՀԱԵ-ում՝ երիտասարդների եւ տղամարդկանց սերտողության խմբերում: 2016թ.-ից նույն եկեղեցու հովվի օգնականն էր: Վերջին մեկ տարում փորձաշրջան էր անցնում Երեւանում՝ ՀԱԵ Բաղրամյան 18-ում: