«Փրկության Հրեշտակը» Գյումրու դրամատիկականի բեմում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության «Հայասա» թատերախմբի «Փրկության Հրեշտակը»  ներկայացումը մայիսի 5-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում էր: Ավելի քան 700 հանդիսատես ծանոթացավ Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ վեր. Հովհաննես Էսքիջյանի կյանքին ու ցեղասպանության տարիներին Հալեպի կայարանից կյանքի գնով հարյուրավոր երեխաների փրկության սխրագործությանը (ներկայացման մասին մանրամասները տես այստեղ՝ http://eca.am/news): Լեփ-լեցուն դահլիճը հոտնկայս ծափահարություններով արձագանքեց ներկայացման ավարտին պրոֆեսիոնալ և սկսնակ դերասանների, ինչպես նաև սցենարի հեղինակ և ռեժիսոր Նունեն Աբրահամյանի բեմելին:

Ներկայացման հիմքում փաստեր էին, որոնք 20 տարի առաջ հավաքագրել, հետազոտել եւ գրքի տեսքով հրատարակել էր գերմանացի պատմաբան, հետազոտող եւ գրող Հիլմար Կայզերը, ով հանդիսատեսի շարքերում էր: Նա պատմեց, թե ինչպես է տարիներ առաջ արխիվներն ուսումնասիրելիս հայտնաբերել Հովհաննես Էսքիջյանի անունը, գտել նրա որդուն, եւ առաջին ձեռքից արձանագրել պատմությունը՝ համադրելով դրանք քիչ պահպանված փաստաթղթերի հետ: Գերմանացի գրողը փաստեց, որ ցեղասպանության տարիներին հենց ավետարանականներն են սկսել «փրկության գործը», շատ դեպքերում ավետարանական հովիվների շնորհիվ է աշխարհն իմացել այդ սարսափելի ոճրի մասին եւ օգնության ձեռք մեկնել: