«Բարի գալուստ Աստծո ընտանիք»: ՔԴ միջոցառում

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու շատ պատանիների և երիտասարդների համար հոկտեմբերի 6-ը լի էր ուրախ ու անմոռանալի պահերով, քանի որ տեղի ունեցավ համատեղ հանդիպում՝ Երևանի Բաղրամյան 18 եկեղեցում : Հանդիպման նպատակը մանկականից պատանյաց և պատանյացից երիտասարդաց տեղափոխվողներին վկայականներ շնորհելն էր առ այն, որ նրանք մի քանի տարի շարունակ մասնակցել են տվյալ խմբերի ծառայություններին, իրենց տեղական եկեղեցիներում, և այժմ պատրաստ են տեղափոխվել ավելի բարձր տարիքային խումբ: Միջոցառման նպատակը նաեւ նոր խմբեր տեղափոխվողներին ջերմ ողջունելն էր, որպես Աստծո  մեկ ընտանիքի անդամներ: Հանդիպմանը ներկա էին Երևանի `Բաղրամյան 18-ի, ՀԱԹ-ի, Զեյթունի, Հույսի տան, ինչպես նաև Արմավիրի, Այնթապի և Աբովյանի եկեղեցիներից շուրջ 150 պատանիներ և երիտասարդներ, հովիվներ և ծառայողներ: Հանդիպումը սկսվեց ճամբարային վառ հիշողություններ պարունակող  փոքրիկ ֆիլմով, այնուհետ շարունակվեց մանկական և պատանյաց ճամբարների հիմներով և պարերով: Փառաբանությունն առաջնորդեց ճամբարների աշխատանքային փուլում  ձևավորված և ճամբարում իր ծառայությունը մատուցած պատանեկան փառաբանության խումբը: Աստծո խոսքով մեզ հետ բաժնեկցեց Պատվելի Արամ Բաբաջանյանը՝ Հռոմեացիների 8:16-17 համարները մեջբերելով, պատվելի Բաբաջանյանը բացահայտնեց Աստծո ընտանիքի գաղափարը, ու այն, որ մենք էլ այդ ընտանիքի անդամներն ենք, հետևաբար նաեւ Աստծո որդիներն ու ժառանգակիցները: Հանիպմանը ներկա էին նաև Երևանի «Շող» ցերեկային կենտրոնի 13 սաներ, ովքեր ազգագրական պարերով համեմեցին երեկոն: Հանդիպումն ավարտվեց համեղ խաղ-մրցույթով, որի նպատակը թիմային աշխատանքի արդյունքում սենդվիչներ պատրաստելն ու միմյանց հյուրասիրելն էր: Բարձր տրամադրությամբ հագեցած օրն ավարտվեց ջերմ հաղորդակցությամբ՝ արտացոլելով Աստծո ընտանիքի միաբանությունն ու սերը:

ՀԱԵ ՔԴ մանկապատանեկան ծրագրերի պատասխանատու՝ Անահիտ Սիմոնյան