Սեմինար ՀԱԵ ծառայողների համար՝ Հանքավանում

2019թ.-ի օգոստոսի 26-ից 28-ը Հանքավանի «ՇԻԻՆ Շողիկ» ճամբարում տեղի ունեցավ հերթական կարճատև դասընթացը ՀԱԵ հովիվների և պաշտամունք առաջնորդողների համար: Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններից մոտ 60 մասնակից անդրադարձան Հայ Ավետարանական Պաշտամունքի ընթացքին ու գործընթացին: Սեմինարի բանախոսը Բեյրութից հրավիրված Վեր. Նշան Բակալյանն էր.

Վերապատվելի Նշանը աստվածաբանական կրթությունից ու հովվական ծառայության հարուստ փորձառությունից բացի երաժշտության մասնագետ է, տիրապետում է մի քանի երաժշտական գործիքների, բազմաթիվ երաժշտական խմբեր է ղեկավարել: Հայ Ավետարանական «Նոր Երգ» երաժշտական խմբի հիմնադիր-անդամներից է, մասնակցել է «Նոր Երգ Երգեցէք Տէրոջ» երգարանի հրատարակությանը, Հայ Ավետարանական «Ծիրանի» մանկապատանեկան երգչախմբի հիմնադիրն ու Հայ Ավետարանական «Արմիս» երգչախմբի խմբավարն է: Ներկայումս Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության եկեղեցական հարաբերությունների համակարգողն է:

Վեր. Նշան Բակալյանը ՀԱե հովիվներին և պաշտամունք առաջնորդողներին նախ ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց, թե ի՞նչ է պաշտամունքը՝ անդրադառնալով Սուրբ Գրային հիմքերին: Այնուհետև ներկայացրեց պաշտամունքը՝ այն առաջնորդողների և մասնակիցների դիտանկյունից: Վերապատվելին խոսեց նաև պաշտամունք առաջնորդողների դիմագրաված մարտահրավերների ու հատկանիշների մասին, անդրադարձավ պաշտամունքի կարգին՝ ըստ Աստծո Խոսքի և ՀԱԵ ընդունված կարգի: Առանձին դասաշարով Վեր. Բակալյանն անդրադարձավ ՀԱԵ պաշտամունքների ընթացքում հնչող երգերին, դրանց ընտրության սկզբունքներին և երգարանների գործածությանը:  Նաև հորդորեց հովիվներին մտածել եկեղեցու տարեցույցի մասին՝ հիմք ունենալով Փիլիպ. 2.6-8 համարներում զետեղված Սրբազան Պատմությունը: 

Բացի դասախոսությունների տեսական մասից, սեմինարի մասնակիցները նաև գործնական աշխատանքի հնարավորություն ունեցան՝ կազմեցին պաշտամունքի հայտագիր, վերլուծեցին երգերի բովանդակությունն ըստ թեմաների, հարց ու պատասխանի ժամանակ ունեցան: Վերջին օրը սեմինարի մասնակիցները նաև քննություն հանձնեցին:

Հ.Գ.- Հարկ է նշել, որ Աստծո շնորհքով արդեն երրորդ տարին է, ինչ հոգեւոր, աստվածաբանական և ակադեմիական թեմաներով կարճատեւ դասընթացներ են կազմակերպվում ինչպես հովիվների, այնպես էլ եկեղեցու տարբեր ոլորտներում ծառայություն ունեցող առաջնորդների համար: Այդ դասընթացների նպատակը ՀԱԵ ծառայողների հոգևոր, աստվածաբանական և ակադեմիական գիտելիքներն ավելացնելն ու ծառայություններն ավելի որակյալ ու արդյունավետ դարձնելն է: