Սեմինար՝ ՀԱԵ կանանց առաջնորդների համար

Պողոս Առաքյալը Տիմոթեոսին ուղղված 2-րդ նամակի 3.16-17 համարներում գրում է. «Ամբողջ Գիրքը Աստծո շունչն է եւ օգտակար վարդապետության, հանդիմանելու, ուղղելու եւ արդարությամբ խրատելու համար, որպեսզի Աստծո մարդը կատարյալ լինի, ամեն բարի գործի համար պատրաստ»: Աստծո Խոսքին հավատարիմ՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին հատուկ ուշադրություն է դարձնում Սուրբ Գրքի սերտողությանը: Գրեթե բոլոր համայքներում սերտողության առանձին խմբեր կան, նաեւ կանանց համար:

Ապրիլի 8-ին, Սուրբ Գրքի կանանց սերտողության խմբերի առաջնորդների համար կազմակերպված սեմինարը Երեւանում էր մեկտեղել Հայաստանի եւ Արցախի ՀԱԵ ավելի քան 30 առաջնորդի:

Սեմինարի նպատակը ՀԱԵ կանանց խմբերում Աստվածաշնչի սերտողություն անցկացնող առաջնորդների վերապատրաստումն էր: Բանախոսները Վեր. Մկրտիչ եւ Հուրի Մելքոնյաններն էին:

Սկզբում, որպես ընդհանուր տեղեկատվություն, Հուրի Մելքոնյանը ներկայացրեց Աստվածաշունչ Մատյանը: Այնուհետեւ խոսեց սերտողություն առաջնորդողի անձնական եւ հոգեւոր հատկությունների մասին, ամփոփ  ներկայացնելով, թե ո՞վ կարող է սերտողություն առաջնորդել:

Վեր. Մկրտիչ Մելքոնյանը Աստվածաշունչը սերտելու մի քանի մեթոդներ ներկայացրեց, հնարավորություն տալով սեմինարի մասնակիցներին նաեւ գործնականում կիրառել դրանք:

Որպես եզրափակում, Հուրի Մելքոնյանը սեմինարի մասնակիցներին ներկայարեց Էլիզաբեթ Ջորջի «Գեղեցիկը Աստծո Աչքերում» գիրքը, որը 2017թ.-ի սեպտեմբերից կսկսեն սերտել ՀԱԵ բոլոր կանանց խմբերը:

Սեմինարն ավարտվեց միասնական ճաշով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան կիսվել սեմինարից ստացած իրենց տպավորություններով եւ վկայել վայելած օրհնությունների մասին: