Սեմինար ՀԱԵ հոգաբարձուների համար

2019թ.-ի մայիսի 25-ին, Հայաստանյայց Ավետարանական մոտ 20 եկեղեցու (ՀԱԵ) ավելի քան 80 հոգաբարձուներ և հովիվներ հավաքվել էին Երևանում՝ Բաղրամյան 18-ում գտնվող ՀԱԵ-ում, սեմինարի մասնակցելու համար: Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մասնակիցները սեմինարը սկսեցին փառաբանությամբ և աղոթքով, որից հետո ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը խոսեց ծառայության Սուրբգրային հիմքերի մասին: Վերապատվելին, Խոսքն առնելով Բ Կորնթացիներին 5.11-ից, հորդորեց հովիվներին և հոգաբարձուներին յուրաքանչյուր ծառայության հիմքում տեսնել Տիրոջ պատվերը՝ երկյուղածությամբ մարդկանց համոզելով Տիրոջ ճշմարտությունը: Որպես հոգևոր խորհրդածության տրամաբանական շարունակություն` վեր. Մելքոնյանը խոսեց եկեղեցու հոգաբարձուի անձնական քրիստոնեական կյանքի կարևոր սկզբունքների մասին՝ յուրաքանչյուր սկզբունք հիմնավորելով Աստծո Խոսքով: Սեմինարի մասնակիցները սերտեցին նաև եկեղեցու նպատակները: Այնուհետև, առանձին խմբերով յուրաքանչյուր եկեղեցի փորձեց 1-10 սանդղակով գնահատել ուսուցումը, հաղորդակցությունը, ավետարանչությունը, ծառայությունն ու պաշտամունքն իրենց տեղական եկեղեցիներում: Ինքնաքննության այս փոքրիկ վարժությունն օգնեց հովիվներին և հոգաբարձուներին այլ տեսանկյունից գնահատել ծառայություններն ու մտածել դրանք լավագույնս կատարելու ուղիների մասին: Սեմինարի երկրորդ հատվածում վեր. Մկրտիչ Մելքոնյանը խոսեց եկեղեցու անդամակցության և տարեկան բյուջեի մասին՝ սովորեցնելով հաշվապահության կարևոր սկզբունքները: Այս սեմինարը կարևոր էր եկեղեցական ծառայության ընթացքը նորոգելու և հոգաբարձուներին վերապատրաստելու տեսանկյունից, որպեսզի Աստծո փառքը երևա յուրաքանչյուր ծառայության մեջ: