Տարին ամփոփող պաշտամունք ծառայողների հետ

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Երևանում՝ Բաղրամյան 18-ում, յուրահատուկ միջոցառում էր կազմակերպել՝ տարին ամփոփելու և եկեղեցու ծառայողներին և ծառայության պատրաստվողներին խրախուսելու: Կիրակի՝ նոյեմբերի 25-ին, տերունական պաշտամունքից հետո եկեղեցասրահում հավաքվեցին  Բաղրամյան 18-ի ՀԱԵ ծառայողները՝ մոտ 80 հոգի: Միասնական փառաբանությանը հաջորդեց Սուրբգրային պատգամը: Եկեղեցու հովիվ՝ վեր. Հովհաննես Հովսեփյանը, նախ ամփոփելով տարին, փառք տվեց Աստծուն, որ կյանք տվեց՝ ծառայելու Իրեն ՀԱԵ-ում: Այնուհետև շնորհակալություն հայտնեց եկեղեցու բոլոր խմբերի առաջնորդներին՝ նվիրյալ ծառայության համար: Վեր. Հովսեփյանը Խոսեց Ղուկաս 17:7-10  և Եփեսացիս 2.10 համարների շուրջ՝ հիշեցնելով առաջնորդներին, որ բոլորս անպիտան ծառա ենք, և ինչ որ ենք, Հիսուս Քրիստոսով ենք, իսկ մեր պարտականությունը բարին գործելն է, այսինքն՝ Աստծո Խոսքով ապրելն ու սովորեցնելը: Վերապատվելին շեշտեց, որ լավագույն առաջնորդը ծառան է: Միջոցառման հոգևոր մասին հաջորդեց շնորհակալության ու խրախուսման արարողությունը: Եկեղեցու բոլոր առաջնորդները, ըստ ծառայության խմբերի, բեմ հրավիրվեցին, շնորհակալական բացիկ և սիմվոլիկ նվեր ստացան: Այնուհետև, եկեղեցու հովիվները աղոթեցին ծառայողների համար: Ծառայողների խրախուսման պաշտոնական արարողությանը հաջորդեց խաղերով ու հետաքրքիր ժամանցով համեմված հյուրասիրությունը: