Շնորհակալության պաշտամունք՝ ԱՀԱԸ 100-ամյակի առթիվ

Սեպտեմբերի 23-ին Հայաստանում և Արցախում Հայաստանյայց Ավետարանական բոլոր եկեղեցիները յուրահատուկ կերպով շնորհավորեցին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության 100-ամյակը: Գոհաբանության և շնորհակալության պաշտամունք բարձրացվեց առ Աստված, գնահատանքի խոսքեր հնչեցին ԱՀԱԸ բոլոր նվիրյալներին, առաջնորդներին, հոգաբարձուներին ու նվիրատուներին, աղոթքներ բարձրացվեցին ԱՀԱԸ ծառայության և Աստծո փառքի համար իրականացված ծրագրերի համար:

Երևանում՝ Բաղրամյան 18-ում, ՀԱԵ կիրակնօրյա պաշտամունքը սկսվեց յուրօրինակ փառաբանությամբ. «Ի՜նչ մեծ ես դուն» հոգևոր երգի առաջին համարները տեսաշարի միջոցով երգեցին ՀԱԵ մեկ տասնյակից ավելի աշխարհասփյուռ համայնքները (տեսանյութն այստեղ՝ https://youtube/howgreat), իսկ շարունակությունը՝ ՀԱԵ Բաղրամյան 18-ում ներկա հավատացյալներն ու ԱՀԱԸ 100-ամյակի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած տասնյակ հյուրերը:

Փառաբանության երգաշարից ու աղոթքից հետո ներկաները դարձյալ տեսաշարի միջոցով ունկնդրեցին ՀԱԵ Հայաստանի և Արցախի հովիվներին, ովքեր,առանձնացնելով և կարևորելով ԱՀԱԸ ծառայությունն ու գործը հատկապես ՀԱԵ-ում, շնորհակալություն հայտնեցին և փառք տվեցին Աստծուն (տեսանյութն այստեղ՝ https://www.youtube.com/watch): Այնուհետև ՀԱԵ հովիվ Վեր. Հովհաննես Հովսեփյանը ԱՀԱԸ-ի համար գոհունակության աղոթք բարձրացրեց առ Աստված: Կարևորելով Ավետարանչականի գործունեությունը և շնորհակալություն հայտնելով՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին նաև փոքրիկ հուշանվեր հանձնեց ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին: Վերջինս իր խոսքում հիշեց Ավետարանչական ընկերակցության առաքելության մեկնարկը, համառոտ ներկայացրեց 100-ամյա ժառանգության կարևորությունը, նկատեց, որ Ավետարանչականի հաջողության գրավականը ՀԱԵ-ի հաջողությունն է:

Շնորհակալության արարողությանը հաջորդեց Սուրբգրային պատգամը: ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը, դարձյալ անդրադառնալով ԱՀԱԸ կողմից իրականացվող ծառայության կարևորությանը, առաջարկեց Աստվածաշնչում փնտրել այդ առաքելությունը հիմնավորող չափանիշներն ու տեսնել, թե որտեղի՞ց է ավետարանչականի ներշնչումն ու հաջողությունը: Վերապատվելին, մեջբերելով Մատթեւոս 5.13-16 համարները, խոսեց ավետարանչության և պաշտամունքի մասին: «Ավետարանչություն գոյություն ունի այնտեղ, որտեղ չկա պաշտամունք,- նկատեց Վեր. Մելքոնյանը՝ ավելացնելով,- Քրիստոս է մեր մեջի լույսը, և Աստծուց ներշնչումն է, որ նախ իրական պաշտամունք է բերում, այնուհետև տանում այդ պաշտամունքն այնտեղ, որտեղ չկա»: Հենց դա էր նաև ԱՀԱԸ առաքելության հիմքում. հասնելով կարիքավորին՝ պատմել նրան Աստծո սիրո մասին: (Պատգամը կարող եք լսել այստեղ՝ http://www.eca.am/media)

Պաշտամունքի վերջում հնչեց Արմիսի եղանակով Տերունական աղոթքը: