ՀԱԵ կանանց համագումար Սյունիքի մարզում

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու (ՀԱԵ)  կանանց ծառայություններն առավել ակտիվացնելու և միջեկեղեցական կապն ամրապնդելու ու զարգացնելու նպատակով՝ ՀԱԵ կանանց խորհրդի աշխատանքային խումբն այս անգամ Հայաստանի հարավային շրջանում էր՝ Սյունիքի մարզում: Ապրիլի 29-ին, ժամը 11.00-ին Սիսիանի ՀԱԵ-ում էին հավաքվել տեղի, ինչպես նաեւ Կապանի, Գորիսի, Արցախի ՀԱԵ կանանց սերտողության խմբերի մասնակիցները՝  մոտ 90 հոգի:

Համագումարը սկսվեց հյուրասիրությամբ, այնուհետեւ շարունակվեց դահլիճում՝ ամառային համագումարների եւ ընթացիկ ծառայությունների լուսանկարների ցուցադրությամբ, եւ համագումարի նպատակը ներկայացնելով: Բացման արարողությանը հաջորդեց փառաբանության պաշտամունքը եւ Աստծո խոսքի պատգամը. Վեր. Մկրտիչ Մելքոնյանը, Ովսե մարգարեի օրինակով խոսեց Աստծո հավատարմության, սիրո, եւ արդարության մասին: Այնուհետեւ կանայք բաժանվեցին 4 խմբի, եւ շարունակեցին խորհրդածել Աստծո խոսքի շուրջ՝ բազմաթիվ զուգահեռներ տեսնելով Ովսեի եւ մեր օրերի միջեւ, քննարկեցին կանանց խմբերում սերտածն ու վկայեցին իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

 Քննարկումներից հետո Վեր. Մկրտիչ Մելքոնյանն ամփոփեց թեման՝ վերաքաղ անելով խմբային սերտողություններից: Համագումարի մասնակից կանայք հաղորդակցվելու առիթ ունեցան նաեւ ճաշի սեղանի շուրջ:

Սա թվով երրորդ նմանատիպ համագումարն էր: Առաջինը տեղի էր ունեցել 2016թ.-ի սեպտեմբերի 10-ին՝ Վանաձորում, Հայաստանի Հյուսիսային շրջանի ՀԱԵ կանանց խմբերի համար: Երկրորդը 2017թ.-ի մարտի 25-ին՝ Երեւանում, մայրաքաղաքի եւ հարակից քաղաքների ՀԱԵ կանանց խմբերի մասնակցությամբ:

Երեք համագումարներն էլ օրհնություններով առատ էին: Հայաստանի եւ Արցախի տարբեր քաղաքներում ու շրջաններում ապրող կանայք հնարավություն ունեցան ծանոթանալու իրար հետ, վկայելու իրենց կյանքում Աստծո խոսքի սերտողության շնորհվիվ տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին, կիսվելու իրենց փորձով, քաջալերելու միմյանց ինչպես նաեւ աղոթելու մեկմեկու կարիքների համար: