«Վասն հավատի ու վասն հայրենյաց». Սուրբ Վարդանանց

Փետրվարի 23-ին համայն հայությունը նշում է Սուրբ Վարդանանց տոնը, հիշում` հավատքի ու հայրենիքի համար նահատակվածներին, պատվում` հերոսների հիշատակը: Հայ քրիստոնյաների համար 451թ.-ը շրջադարձային էր: Առաջին պատերազմը հանուն քրիստոնեության ու հանուն հավատքի, ավարտվեց բարոյական հաղթանակով, որը, սակայն, որոշիչ եղավ հայի ինքնության, հավատքի ու դրսևորման համար:

Հատկանշական է, որ մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին, այլև կատարում Սուրբ Խորհուրդները. ողջ գիշեր մկրտեցին զորքի բազմության մեջի չմկրտված մարդկանց, իսկ առավոտյան, մարտի մեկնելուց առաջ, Սուրբ Հաղորդություն ընդունեցին:

Վարդան Մամիկոնյանի ու նրա զինակիցների գորոծողությունների ուղեցույցն ու կյանքի օրենսգիրքը Աստվածաշունչն էր. «Ավելի լավ է մեռնենք պատերազմի դաշտում, քան տեսնենք մեր ազգի և սրբությունների անարգանքը» (Ա Մակ. 3.59), «…եթե հասել է մեր ժամանակը, քաջությամբ մեռնենք մեր եղբայների համար և վախկոտի անունը չենք խառնի առաքինության հետ» (Ա Մակ. 9.10): Աստվածաշնչյան այս խոսքերը Եղիշեի կողմից ձևակերպված «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ անմահություն է» տողերն են, որ Ավարայրի մեր հերոսների համար դարձան կարգախոս:

Այսօր, երբ հիշում ենք Սորբ Վարդանանցը, լավ կլինի անդրադառնանք, որքանո՞վ ենք կարողանում Ավարայրի հերոսական ոգին վերստին ապրեցնել նոր սերնդի հոգում՝ իբրև հայրենասիրության, եկեղեցասիրության, աստվածասիրության խորհրդանիշ: