ՀԱԵ Երեվանի կանանց հանդիպում «Հույսի Տանը»

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու Երեւանի համայնքների՝ Բաղրամյան 18-ի, ՀԱԹ-ի, Զեյթունի եւ Շենգավիթի կանանց սերտողության խմբերը, 2018թ.-ի հունվարի 13-ին հավավքել էին «Հույսի Տանը»՝ միասին նշելու Սորբ Ծնունդը: Մոտ 70 կին մեկտեղվել էին նախ Աստծուն միաբանության մեջ փառաբանելու համար: Տոնական հանդիպումը բաղկացած էր երկու մասից: Սկզբում հանդիպման մասնակիցները միասնական պաշտամունքի առիթ ունեցան: Փառաբանության երգերը, սաղմոսներն ու  վկայությունները ամբողջացան Սուրբ Գրային պատգամով: ՀԱԵ Հարավ Արեւմտյան թաղամասի կանանց խմբի պատասխանատու Իննա Ավակովան խոսեց Երեմիա 29.11-14 համարների շուրջ եւ կոչ արեց Նոր տարին նոր սկիզբ համարել, ու սկսել ամեն ինչ Աստծո հետ, Նրա կամքով ու զորությունով: Փառաբանության պաշտամունքից հետո ներկաներին ճոխ հյուրասիրություն էր սպասվում: «Հույսի Տան» քույրերը ջանք ու եռանդ չէին խնայել համեղ կերակուրներ պատրաստելու եւ սիրով այն մատուցելու համար: Միասնական ճաշից հետո սկսվեց ծրագրի երկրորդ՝ տեղեկատվական-ժամանցային բաժինը: ՀԱԵ կանանց խմբերի կոորդինատոր Էլիզ Բաղդասարյանը, տեսաշարի միջոցով, ներկայացրեց անցած տարվա ընթացքում կանանց խմբերի հետ իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքում տեսանելի օրհնությունները, հորդորելով՝ աղոթել այս տարվա ծրագրերի համար: Այնուհետեւ, հանդիպման մասնակիցները, նախապես ծրագրավորված խաղերի ընթացքում, հնարավորություն ունեցան ո՛չ միայն ստուգելու իրենց Աստվածաշնչյան գիտելիքները, այլեւ ներկայացնելու տաղանդները՝ փոքրիկ ներկայացումների, ձեռքի աշխատանքի եւ հումորի միջոցով: Հաղթող խմբերը նաեւ մրցանակներ ստացան: Հանդիպման մասնակիցների համար յուրահատուկ նվեր էր պատրաստել նաեւ «Հույսի Տուն» Հայաստանյայց Ավետարանական  եկեղեցին. հանդիպման մասնակիցներից յուրաքանչյուրը մեկական Աստվածաշունչ եւ օրացույց նվիր ստացան: Կանայք տպավորված էին եւ ուրախ ո՛չ միայն հաղորդակցության ու նվերների համար, այլ հատկապես միասնական այս հանդիպման, Աստծո խոսքը սերտելու, միմյանց վկայությունները լսելու եւ Նոր Տարին Աստծո հետ սկսելու մարտահրավերի համար: