ՀԱԵ տղամարդկանց համագումար Հանքավանում

Մայիսի 10-12-ը Հանքավանի «Շին Շողիկ» ճամբարում էին հավաքվել Հայաստանի տարբեր քաղաքների Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու 82  տղամարդ: Մասնակիցների հիմնական մասը ՀԱԵ տղամարդկանց սերտողության խմբի, մյուս մասը՝ եկեղեցի հաճախող եղբայրներն էին, սակայն ներկա էին նաեւ մարդիկ, ովքեր եկեղեցի չեն հաճախել, բայց հետաքրքրված էին Աստծո Խոսքի սերտողությամբ: Համագումարի ընդհանուր վերնագիրը՝ «Ո՞վ է տղամարդը», առավել բացահայտվեց խոսնակների օգնությամբ: Համագումարի առաջին օրը Վեր. Մկրտիչ Մելքոնյանը, որպես նախաբան, խոսեց Աստծո չափանիշներով տղամարդու լինելիության եւ առաքելության մասին՝ մեջբերելով Ա Կորնթացիներին 16.13 համարը: Շարունակելով թեման՝ Վեր. Մելքոնյանը խոսեց Բ Կորնթացիներին 7.10-ը համարի շուրջ՝ Աստծո առջեւ մեղանչելու եւ իրական զղջման կարեւորության մասին (տեսանյութը այստեղ՝ www.youtube.com/ներածություն): Հաջորդ օրը վերապատվելին ներկայացրեց, թէ ինչպե՞ս է Աստված բոլոր տղամարդկանց տվել կոչում՝ հնազանդվելու, գործ՝ կատարելու և կին՝ սիրելու համար: Ադամն այս երեքի մեջ էլ ձախողվեց, Յիսուսը երեքի մեջ էլ կատարյալ օրինակ եղավ մեզ համար(տեսանյութը այստեղ՝ www.youtube.com/3պատվիրան): Օրվա երկրորդ բանախոսը Վեր. Գարուշ Անտոնյանն էր, ով, անդրադառնալով Գ Թագավորաց 2:1-3 համարներում Դավիթ թագավորի կողմից իր որդուն ուղղված կտակին, կարեւորեց հայր լինելու հանգամանքը, շեշտադրեց Աստծո ներկայությունն Իր խոսքի մեջ, խոսեց նաեւ յուրայինների, ինքնակամության եւ շողոքորթության մասին(տեսանյութը այստեղ՝ www.youtube.com/Դավթի կտակը): Թեման ամփոփեց Վեր. Հովհաննես Հովսեփյանը՝ համագումարի վերջին օրը: Վերապատվելին խոսեց Ծննդոց 2.15-ի շուրջ՝ տղամարդու լիազորությունների մասին: Վեր. Հովսեփյանը՝ կիրառելի կերպով ներկայացնելով ընտանեկան հարաբերություններում մշակելու եւ պահելու վերաբերյալ երկրագործին ուղղված հորդորը (տեսանյութը այստեղ՝ www.youtube.com/Տղամարդու լիազորությունները):

Համագումարի մասնակիցներն այս երկու օրվա ընթացքում նաեւ միասին խաղալու, իրար վկայությունները լսելու, տաղանդները ներկայացնելու, ինչպես նաեւ հովիվներին իրենց հուզող հարցերն ուղղելու հնարավորություն ունեցան: Տուն վերադառնալիս շատերը վկայեցին, որ համագումարն իրենց համար բացահայտեց Աստծո աչքերում տղամարդու դերի իրական պատկերն ու կյանքում շատ բաներ փոխելու որոշման հանգեցրեց: