ԿՀԱՕ-ն Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում

Կանանց համաշխարհային աղոթքի օրը  (ԿՀԱՕ)՝ մարտ ամսվա առաջին ուրբաթը, հերթական անգամ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հարկի տակ էր հավաքել քրիստոնյա կանանց: Այս տարի՝ մարտի 1-ին, Հայաստանի տարբեր քաղաքներից ժամանած ՀԱԵ, ինչպես նաև «Սիրիահայերի հոգեւոր եղբայրակցություն» համայնքի 100-ից ավելի կանայք, միանալով աշխարհի հարյուրավոր երկրների հազարավոր կանանց, աղոթք բարձրացրեց ԿՀԱՕ՝ այս տարվա ծրագիրը կազմած Սլովենիայի համար:

Պաշտամունքը սկսվեց փառաբանությամբ, այնուհետև շարունակվեց Սլովենիայի մասին պատմական ու աշխարհագրական ակնարկով, որին հաջորդեց սլովենուհիների դիմագրաված խնդիրների համար աղոթքներով: Արտագաղթ, կախվածություններ, կանանց ծանրաբեռնվածություն, աշխատանքի խնդիր, մեծահասակների հանդեպ խնամքի բացակայություն և այլ հարցեր, որոնցից շատերը մարտահրավեր են նաև հայաստանցի կանանց համար: Այդ խնդիրներից յուրաքանչյուրն աղոթքով Աստծո առջև բերվեց: Աղոթքի բաժնում՝ փոխասաց ընթերցանության միջոցով, խոստովանության և գոհաբանության աղոթքներ բարձրացվեցին:

Աստծո խոսքից պատգամն ընտրված էր Ղուկաս 14.15-24 հատվածի շուրջ, խորագիրն էր՝ «Եկե՛ք, ամեն բան պատրաստ է»: Պատգամաբերը, ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը, խոսելով Հիսուսի պատմած առակի մասին, նկատեց, որ Աստծո հավիտենական ընթրիքի հրավերը բոլորի համար է, և մերն է ընտրությունը՝ կառչել փառքից, նյութականից և ժամանակավոր հաճույքների՞ց, թե՞ ընտրել Տիրոջ հավիտենական ընթրիքին մասնակցելու մեծ հրավերը:

 Պաշտամունքն  ավարտվեց Տերունական աղոթք-երգով եւ  վեր. Հովհաննես Հովսեփյանի օրհնության աղոթքով:

Հ.Գ.- Կանանց համաշխարհային աղոթքի օրը (ԿՀԱՕ) գրեթե մեկդարյա պատմություն ունի: Այսօր աշխարհի ավելի քան 170 երկրում ամեն տարի՝ մարտ ամսվա առաջին ուրբաթ օրը, կազմակերպվում է Կանանց Համաշխարհային աղոթքի օր, որի ընթացքում տարբեր հարանվանությունների հազարավոր քրիստոնյա կանայք  միասնաբար աղոթում են տվյալ տարվա ԿՀԱՕ ծրագիրը կազմած երկրի եւ ժողովրդի համար: