Կանանց Համաշխարհային Աղոթքի օրը ՀԱԵ-ում

2020թ.-ի մարտի առաջին ուրբաթ օրը՝ ամսի 6-ին, աշխարհի ավելի քան 170 երկրների քրիստոնյա կանանց աղոթքներին միացավ նաև Հայատանի կանանց աղոթքը: Կանանց համաշխարհային աղոթքի օրը (ԿՀԱՕ) չորրորդ անգամ էկումենիկ կազմով նշվեց Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում: Բաղրամյան 18-ում հավաքված 100-ից ավելի կանայք ոչ միայն Հայստանի տարբեր քաղաքներից էին՝ Երևան, Արտաշատ, Այնթապ, Աբովյան, Վարդենիս, այլև տարբեր եկեղեցիներից՝ Հայ առաքելական, Հայ կաթողիկե, Հայաստանյայց Ավետարանական, Հույն օրթոդոքս և  «Սիրիահայերի հոգեւոր եղբայրակցություն» համայնքից, ինչպես նաև «Քրիստոնյա կանանց ֆորում»-ից:

Այս տարի աշխարհի հարյուրավոր երկրների հազարավոր կանայք աղոթք բարձրացրին Զիմբաբվեի կանանց համար:

Պաշտամունքը սկսվեց փառաբանությամբ, այնուհետև շարունակվեց Զիմբաբվեի մասին պատմական ու աշխարհագրական ակնարկով, որին հաջորդեց զիմբաբվեի կանանց  դիմագրաված խնդիրների համար աղոթքը. խաղաղություն, աշխատատեղերի պակաս, կանանց և երեխաների հանդեպ բռնության և խտրականության խնդիր, մահացու հիվանդություններ, խնդիրներ, որոնցից շատերը մարտահրավեր են նաև հայաստանցի կանանց համար: Այդ խնդիրներից յուրաքանչյուրն աղոթքով Աստծո առջև բերվեց: Աղոթքի բաժնում՝ փոխասաց ընթերցանության միջոցով նաև փառաբանության, խոստովանության և գոհաբանության աղոթքներ բարձրացվեցին:

Աստծո խոսքի պատգամաբերը ՀԱԵ Գյումրու հոգևոր հովիվ պատվելի Արամ Բաբաջանյանն էր: Պատգամի նյութն էր՝ Հովհաննես 5 գլխում  նկարագրված 38 տարվա հիվանդի պատմությունն ու Հիսուսի կոչը՝ վե՛ր կաց, անկողինդ վերցրու՛ և քայլի՛ր: Պատվելի Բաբաջանյանը նշեց, որ տկարությունը մարդկային կյանք մտավ մեղքի հետ միասին և այն Տիրոջ արարչագործության խեղված պատկերի արդյունքն է, մինչդեռ Աստված Ինքն է գալիս մեզ մոտ և պատրաստ է վերականգնելու այդ խաթարումը՝ Քրիստոսի միջոցով, եթե ընդունենք նրա զոհողությունը և վերականգնենք մեր հարաբերությունները՝ վեր կենալով, մեր հոգևոր ու ֆիզիկական տկարությունները վերցնելով և Աստծո հետ քայլելով:

Պաշտամունքի վերջին բաժնում հոգևոր աղոթք-խորհրդածությամբ ու ողջույնի խոսքով ներկաներին դիմեց նաև Երեւանի Հայ Կաթողիկե Եկեղեցու փոխժողովրդապետ՝ Տեր Կոմիտաս քահանա Դավեյանը:   

Պաշտամունքն ավարտվեց Տերունական աղոթք-երգով եւ վեր. Մկրտիչ Մելքոնյանի օրհնության աղոթքով:

Հ.Գ.- Կանանց համաշխարհային աղոթքի օրը (ԿՀԱՕ) գրեթե մեկդարյա պատմություն ունի: Այսօր աշխարհի ավելի քան 170 երկրում ամեն տարի՝ մարտ ամսվա առաջին ուրբաթ օրը, կազմակերպվում է Կանանց Համաշխարհային աղոթքի օր, որի ընթացքում տարբեր հարանվանությունների հազարավոր քրիստոնյա կանայք միասնաբար աղոթում են տվյալ տարվա ԿՀԱՕ ծրագիրը կազմած երկրի եւ ժողովրդի համար: