Կիրակնօրյա դպրոց մանուկների ու պատանիների համար

ՀԱԵ առաքելությունը նաեւ կրթադաստիարակչական է, ուստի շատ մեծ ուշադրության են արժանանում մանուկներն ու պատանիները: Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի 36 համայնքներում գործող Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիներում մանուկների ու պատանիների համար կիրակնօրյա դպրոցներ կան: Խմբերն ու ծրագրերը տարբեր են: Վերապատրաստված ուսուցիչները մանուկներին ավելի մատչելի, պատկերազարդ գրքերով ու դիդակտիկ պարագաներով, ներկայացումների ու տիկնիկային թատրոնների միջոցով պատմում են Աստվածաշնչյան պատմություններն ու  սովորեցնում Սուրբ Գրային ճշմարտությունները: Պատանիների համար կազմակերպվող սերտողությունները նրանց կարիքներին ու հետաքրքրություններին է հարմարեցված: Աստվածաշնյան պատմություններից զատ քննարկումներ ու բանավեճեր են կազմակերպվում նրանց հուզող տարատեսակ թեմաների շուրջ: Թե մանուկների եւ թե պատանիների դաստիարակության հարցում կարեւորվում է հայրենասիրության ու բարոյական բարձր չափանիշների սերմանումը: Ընդհանուր առմամբ ՀԱԵ կիրակնօրյա դպրոցներ են հաճախում մոտ 1700 մանուկ, 700 պատանի: