Սաղմոս 42.1


«Ինչպես եղջերուն ջրի վտակներ է փափագում, այնպես էլ իմ անձը Քեզ է փափագում, ո՛վ Աստված»  Սաղմոս 42.1

Ամբողջ 42 սաղմոսը տաճարի պաշտամունքից հեռու գտնվողի աղոթք է, ով փափագում է գալ Տիրոջ առաջ, մասնակցել Նրա պաշտամունքին, սակայն գտնվում է աքսորի և գերության մեջ: Սա հասկանալով ակնհայտ է դառնում, որ սաղմոսերգուն ցավի և տառապանքի մեջ է այն աստիճան, որ նույնիսկ իր թշնամիներն ասում են. «Ու՞ր է քո Աստվածը»: Ի հակադրություն սրա՝ սաղմոսերգուն փափագում է Տիրոջը, և զգացմունքային անկայության մեջ՝ կարողանում է տրամաբանորեն գիտակցել, որ ցանկացած հոգեկան ծարավի մեջ, առաջնային է Աստծուն փնտրելը:

Սուրբ Գրքում հաճախ է նկարագրվում Աստծո հանդեպ մեր ցանկությունը՝ որպես ծարավ: Ծարավի ցանկությունը անդիմադրելի է, որը շուտափույթ բավարարում է պահանջում: Հոգևոր ծարավի զգացողությունը սրտերը քննելու լավագույն ձևն է՝ որոշելու համար մեր սերն Աստծո հանդեպ: Ոչինչ չէր կարող ավելի լավ նկարագրել սաղմոսերգուի հոգեվիճակն ու Աստծո հանդեպ անհագուրդ ծարավը, որքան երկարատև երաշտից հետո եղջերուի այրող ցանկությունը՝ ջրի վտակին հանդիպելու, որն իր գոյության միակ հնարավորությունն է: Աստծո հետ հաղորդակցվելու ցանկությունն ու Աստծո երեսը փնտրելը նրա հոգու հրատապ կարիքն է, և այն բացարձակ անհրաժեշտություն է, ինչպես ջուրը եղջերուի համար: Այս գեղարվեստական  նկարագրությունն օգնում է տեսանելիորեն հասկանալ այն նախաձեռնությունը և ձգտումը, որ մենք պետք է ունենանք Տիրոջ հանդեպ: Աստծո առաջ գալու ծարավն այնքան ուժեղ է, որ սաղմոսերգուն հարցնում է, թե «ե՞րբ կարող է գալ և հանդիպել Աստծո հետ»:  Հոգևոր ծարավը կարող է միայն ջնջվել, երբ նա հանդիպի Աստծուն: Բացի այդ, Աստծո ծարավը սկսվում է, երբ հասկանում ենք, որ դա մեր հոգու կյանքի եւ մահվան հարցն է: Սա է կյանքի շարժիչն ուժն ու նպատակը: Այլ խոսքով, Աստծո ներկայության մեջ լինելը հոգևոր գոյության միակ ձևն է, որին հասնելու համար պետք է եռանդուն ձևով և բուռն ցանկությամբ փնտրել: Արդյո՞ք մենք ծարավ ենք խոսելու հոգևոր բաների մասին, ծարա՞վ ենք ուսումնասիրելու Աստծո խոսքը, ծարա՞վ ենք երկրպագելու Տիրոջը: Արդյո՞ք մենք ունենք ծարավ, որը ստիպում է մեզ հարցնել՝ «Ե՞րբ կարող եմ գալ եւ հանդիպել Աստծո հետ»:

Գալով 21-րդ դարին՝ կարող ենք ասել, որ աշխարհն այսօր լի է ծարաված հոգիներով, և Աստծո ծարավն ու պահանջը խորն է մարդու հոգու, զգացումի ու գիտակցության մեջ: Տարածվող շփոթությունն ու խորացող մոլորությունները մարդու արժեքային որոնումների հաստատում են, որ յուրաքանչյուր մարդ գիտակցաբար կամ անգիտակցաբար ունի իր սկզբնաղբյուրին վերադառնալու և Աստծո հետ իմաստալից հարաբերություններ ունենալու ծարավ: Նույնիսկ հավատացյալները, լինելով եկեղեցում, դեռևս հոգևոր ծարավը հագեցնելու կարիք ունեն: Դա հայտնի  է դառնում այն ժամանակ, երբ ինքներս մեզ հարցնում ենք, թե ինչ եմ փնտրում եկեղեցում: Պարզապես մարդկային գործո՞նն է ինձ այստեղ բերում կամ միգուցե սովորությու՞նը: Ի՞նչ է փնտրում մեր հավիտենական հոգին, ի՞նչ է խնդրում Աստծուց՝ նյութական բարեկեցությու՞ն, անձնական երջանկությու՞ն, մարմնի առողջությու՞ն, թե՞ երազանքների իրականացում… հոգևոր ծարավից մեռնողի համար ուղղակի ինքնասպանություն կլիներ ջուրը թողած՝ այդ ամենի հետևից վազելը: Ղուկաս 12.13-21-ում Հիսուսի պատմած առակում մեծահարուստի անմտությունը հոգին նյութական բարիքներով հագեցնելու մեջ էր: «Մարդու բոլոր աշխատանքներն իր բերանի համար է, սակայն հոգին չի կշտանա» (Ժողովող 6.7):

Մարդը կարիք ունի Կենաց Ջրի՝ հագեցնելու համար այդ հոգևոր ծարավը: Հիսուս Քրիստոս՝ իբրև Կենաց Ջուր և Կյանքի Աղբյուր, հավիտենական ջուր խոստացավ բոլոր Իրեն հավատացողներին` ասելով. «Բայց ով որ խմի այն ջրից, որ Ես եմ տալու նրան, հավիտյան չպիտի ծարավի»(Հովհ.4:14): Սակայն ինչպես սաղմոսերգուի համար աքսորի մեջ գտնվելն էր արգելք Աստծո ներկայության մեջ գալու և ծարավը հագեցնելու, այժմյան հավատացյալի համար էլ մեղքը կարող է պատճառ լինել: Քրիստոսն Ինքը հասանելի կերպով դարձավ այն ջրի՝ խոստացված ջրի անսպառ աղբյուրը, որը հավատացյալին մաքրելով մեղքից և որդեգրելով՝ հավիտենության ժառանգորդ է դարձնում: Ինչպես սաղմոսերգուն(11) ինքագիտակցության գալով՝ իր փրկության հույսը Աստծո վրա է դնում, այնպես էլ  ցանկացած անհատ կարող է Աստծուն դառնալով՝ հույսը վերագտնել:  

  • Սաղմոս 8.1