Ապրիլը՝ Հարության տոնակատարությունների ամիս ՀԱԵ-ում

Հազարամյակներ առաջ Երկնայինը մարդկային կերպարանք առավ՝ դառնալով մեզնից մեկը, անցնելով մարդկային կյանքի բոլոր փուլերն ու փոթորկալից շրջանները, սակայն միևնույն ժամանակ մնալով մեղքից զատ:

Հազարամյակներ առաջ Միածինը հանուն Իր Հոր «զավակների» խոնարհվեց «երկնքից-երկիր»՝ ապրելով հնազանդության տեսանելի օրինակը:

Հազարամյակներ առաջ Աստծո որդին մարդացավ ու հարություն առավ՝ մարդուն աստվածային էությանը հաղորդակից դարձնելու համար: 

Հազարամյակներ առաջ եղավ այն, ինչ հազարամյակներ անց՝ մեր ժամանակներում, պահպանում է իր մեծ նշանակությունն ու շարունակում գործել մարդկային սրտի հետ՝ մոտեցնելով երկրային ստեղծագործությանը երկնային Ստեղծիչին։

Հիսուս Քրիստոսի հարությունը ժամանակներից վեր է․ փառահեղ ու հաղթանակած ինչպես նախկին դարերում ապրող քրիստոնյաների, այնպես էլ մեր ժամանակաշրջանում ապրողների համար։ 

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին, խորը գիտակցմամբ մոտենալով անձնազոհ Աստծո ինքնանվիրման գործին, մեծ կարևություն է տալիս այս տոնի հետ կապված միջոցառումների շարքին՝ նպատակ ունենալով մեկ անգամ ևս պատմել ու հիշեցնել մարդուն՝ ինչ գին է վճարվել նրա համար։  

Այս տարի նույնպես ՀԱԵ-ն Հայաստանում և Արցախում իրականացրեց Հարության տոնին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին ինչպես մեծահասակներ, այնպես էլ մանուկներ և պատանիներ։ Ամբողջ ապրիլ ամիսը նվիրված էր այսչափ կարևոր իրադարձության միջոցառումներին. Այնթապ, Հույսի տուն, Ալավերդի, Գորիս, Իջևան, Սիսիան, Աբովյան, Արտաշատ, Արցախ, Դիլիջան, Թումանյան, Կապան, Շիրակամուտ, Ստեփանավան, Վանաձոր, Վարդենիս և այլուր: Միջոցառումները տարբեր էին իրենց բովանդակությամբ և լուծումներով, սակայն գլխավոր միտքը մեկն էր՝ Ամենակալ Աստծո Միածին Որդին մարդացավ, խաչվեց և հարություն առավ՝ ինձ և քեզ նոր կյանք շնորհելով։

Թեհմինե Առաքելյան