ՀԱԵ-ն Ստեփանավանում նոր հովիվ ունի

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Ստեփանավանում այսուհետև կհովվի Վեր. Հրանտ Բադալյանը: Նոր հովվի պաշտոնակոչության արարողությունը տեղի ունեցավ կիրակի՝ ապրի 30-ին, պաշտամունքի ընթացքում: Նախ Ստեփանավանի ՀԱԵ համայնքը շնորհակալության ու երախտիքի խոսք հղեց ժամանակավոր հովվությունը ստանձնած Վեր. Գևորգ Գասպարյանին և նրան հանձնեց հուշանվեր-խաչքար, այնուհետև ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանի առաջնորդությամբ՝ վեր. Հրանտ Բադալյանը, համայնքի առջև պատասխանելով հովվական ուխտի հարցադրումներին, խոստացավ հավատարիմ մնալ Աստծուն եւ անմնացորդ ծառայել ժողովրդին: Հարց ու պատասխանից հետո Վեր. Բադալյանի նոր ծառայությունը հաստատվեց ավագ հովվի՝ Վեր. Մկրտիչ Մելքոնյանի աղոթքով:

Նորանշանակ հովիվն առաջին անգամ համայնքին հաղորդեց նաև Աստծո պատգամը: Վերապատվելին խոսեց Հովնան 1.1-3 համարների շուրջ՝ ամեն պարագայում Աստծուն հնազանդվելու մասին:

Այնուհետև երեք վերապատվելիները հավատացյալներին Սուրբ Հաղորդություն մատուցեցին։

Վեր. Հրանտ Բադալյանը ծնվել է 1966 թ. դեկտեմբերի 24-ին, Արարատի մարզի Նշավան գյուղում: Սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետեւ՝ Երեւանի «Սննդի արդյունաբերության» տեխնիկումը: Ծառայությունից հետո ընդունվել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանը, սակայն ուսումը կիսատ է մնացել: 2001թ. ընդունվել է Երեւանի Հայաստանյայց Ավետարանական Աստվածաբանական ակադեմիա: 2000թ.-ից որպես օգնական հովիվ ծառայել է Արտաշատի Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցում: 2005թ. Ավարտել է Աստվածաբանական ակադեմիան եւ դեկտեմբեր ամսից ստանձնել Արտաշատի եկեղեցու հովվի պարտականությունները: Ծառայել է Այնթապի եւ Բերդի Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցիներում: Փորձառական շրջան է անցել ԱՄՆ-ի եւ Բեյրութի Ավետարանական Եկեղեցիներում: 2014 թ.-ից ձեռնադրյալ հովիվ է: Ամուսնացած է Ալլայի հետ, եւ ունեն 3 աղջիկ, 2 թոռնիկ: