ՀԱԵ-ն Վանաձորում նոր հոգեվոր հովիվ ունի

Կիրակի՝ մայիսի 9-ին, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում պաշտոնակոչության արարողություն էր: Պաշտամունքի փառաբանության բաժնի ավարտին ՀԱԵ համայնքը փառք տվեց Աստծուն գրեթե 6 տարի եկեղեցին հովված վերապատվելի Գևորգ Գասպարյանի ու նրա ծառայության համար: ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանն աղոթեց վեր. Գասպարյանի համար, իսկ ծառայողներին իրենց երախտիքի խոսքն ուղղեցին և հուշանվեր հանձնեցին: Այնուհետև տեղի ունեցավ ՀԱԵ Վանաձորի նոր հովվի պաշտոնակոչության արարողությունը: Վեր. Վարդան Ափինյանը, որին համայնքը շատ լավ է ճանաչում, նախ պատասխանեց ավագ հովվի կողմից, հովվական ուխտի համաձայն բարձրաձայնվող հարցերին, որով հաստատեց Աստծուն հավատարիմ մնալու և ժողովրդին անմնացորդ ծառայելու իր առաքելությունը: Վեր. Ափինյանի հովվական ծառայությունը Վանաձորի ՀԱԵ-ում հաստատվեց ավագ հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանի աղոթքով: Այնուհետև, վեր. Վարդան Ափինյանն առաջին անգամ, որպես Վանաձորի ՀԱԵ հովիվ՝ Աստծո խոսքից պատգամ բերեց: Վերապատվելին խոսեց Եփեսացիս 2.16-22 համարների շուրջ՝ Քրիստոս անկյունաքարի մասին:

Վեր. Վարդան Ափինյանը ծնվել է 1983 թ. հունվարի 27-ին, Վանաձորում։ Մանուկ հասակից Վանաձորի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) կիրակնօրյա եւ պատանյաց խմբերի ակտիվ սաներից է եղել, այնուհետեւ՝ դարձել աշակերտաց խմբի մասնակից, որին զուգահեռ նաեւ փոքրիկ ծառայություններ է իրականացրել: Հայկական Զինված ուժերում պարտադիր  զինվորական ծառայությունից հետո անցել է ՀԱԵ առաջնորդների համար նախատեսված դասընթացներն ու սկսել ծառայություն ինչպես քրիստոնեական դաստիարակության (ՔԴ), այնպես էլ եկեղեցական այլ ոլորտներում: 2005-2007 թթ. սովորել է Հայ Ավետարանական Աստվածաբանական ակադեմիայի ՔԴ բաժնում: Այդ ընթացքում ու դրանից հետո՝ մինչեւ 2013 թ.-ը եղել է հովվի օգնական ինչպես Վանաձորի, այնպես էլ Շիրակամուտի եկեղեցիներում։ 2013 թ.-ին ստացել է քարոզչության արտոնություն ու պատվելիի կոչում եւ ստանձնել Շիրակամուտի ՀԱԵ հովվի ծառայությունը: 2018 թ. ձեռնադրվել է եւ տեղափոխվել Արցախ, որտեղ ՀԱԵ հոգեւոր հովիվն է եղել մինչեւ 2020 թ. դեկտեմբեր ամիսը։ Մի քանի տարի ղեկավարել է նաև Շողիկ եւ Պետրոսյան ճամբարների մանկական ծառայությունները: Ամուսնացած է Հռիփսիմե Մնացականյանի հետ, ունեն երկու որդի եւ մեկ դուստր: