Մայիսի 10-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքը դարձավ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կանանց միաբանության հանգրվան։ Սիսիանի Ավետարանական եկեղեցում տեղի ունեցած համագումարը, որը կրում էր «Կեղծ աստվածներ» խորագիրը, միավորեց Սիսիանի, Կապանի և Գորիսի ավելի քան 60 կանանց։ Թեման, որն ըստ էության ամառային համագումարի նախաբանն է և արդեն ներկայացվել է Երևանի ու հարակից քաղաքների ՀԱԵ կանանց, Սյունիքում ներկայացվեց նոր դիտանկյունից՝ հատուկ ուշադրություն դարձնելով թաքնված և ներքին կուռքերին։
Համագումարը մեկնարկեց հյուրասիրությամբ ու հաղորդակցության արժեքավոր պահերով, շարունակվեց միասնական պաշտամունքով ու փառաբանության երգերով։
Համագումարի բանախոսն էր ՀԱԵ Սիսիանի եկեղեցու հովիվ պատվելի Արման Մարտիրոսյանը, ով իր պատգամը կառուցել էր Ելք 20.3-6 հատվածի հիման վրա՝ պատկերավորելով այն Թիմ Քելլերի «Կեղծ աստվածներ» գրքի օրինակներով։ Նա խոսեց այն վտանգավոր երևույթի մասին, երբ հավատացյալն ի սկզբանե ծառայում է Աստծուն, բայց որոշակի հանգամանքներում աստվածացնում է իր ցանկությունները, ինքնությունը կամ նույնիսկ ծառայության ձևերը։
«Կուռքը միշտ տեսանելի արձան չէ։ Այն կարող է լինել այն միտքը, թե առանց այս մարդու, այս հաջողության կամ այս հանգստության ես ոչինչ եմ։ Այդ միտքն ինքնին կուռք է, որովհետև նրանում Աստված փոխարինվում է այլ արժեքով», - նշեց պատ. Մարտիրոսյանը։ Նրա խոսքում հատուկ շեշտադրված էր այն, որ կուռքերը միշտ չէ, որ տեսանելի են, և հաճախ դրանք չեն ճանաչվում ու չեն բարձրաձայնվում։ Պատգամի ընթացքում հնչեցին իրական օրինակներ այն մասին, թե ինչպես կարող են թաքնված կուռքերը մեր կյանքի անբաժան մասը դառնալ և նույնիսկ հոգևոր ծառայությունը վերածել ինքնադրսևորման միջոցի, եթե սիրտը կենտրոնացած չէ Աստծո վրա։
Խմբային քննարկումները դարձան համագումարի ամենակենդանի պահերը։ Մասնակից կանայք անդրադարձան իրենց կյանքում առկա վտանգավոր կուռքերին՝ կասկածի, հպարտության, վերահսկողության, վախի կամ անցյալում խարսխված ինքնության ձևով։ Քննարկումներն աչքի էին ընկնում անկեղծությամբ ու բաց սրտով խոսելու պատրաստակամությամբ, ինչը վկայում էր ոչ միայն թեմայի արդիականության, այլ նաև Սյունիքի համայնքների հոգևոր աճի առողջ ընթացքի մասին։
Ամփոփման բաժնում պատ. Մարտիրոսյանը ներկայացրեց մի շարք աստվածաշնչյան հատվածներ, որոնք անդրադառնում են կռապաշտության բնույթին, դրա հետևանքներին և այն հաղթահարելու ուղիներին (Ա Կորնթ. 10.14, Գաղ. 5.19-21 և այլ հատվածներ)։ Նա շեշտեց, որ կուռքերի դեմ պայքարը սկսվում է ոչ թե արտաքին կեցվածքից, այլ՝ սրտի խորքից։
Որպես խնդրի լուծման սկզբունքներ՝ պատվելին մի քանի կարևոր քայլ առանձնացրեց. «Կռապաշտությունը պետք է մերժել (Բ Կորնթ. 6.16), պետք է հավատը կառուցել և նորոգել (Մաղաքիա 3.3), հույսը դնել Աստծո վրա, աղոթել, որ Տերը Սուրբ Հոգով առաջնորդի (Եփես. 6.11), ազատվել կռապաշտության կապանքներից (Բ Կորնթ. 7.11) և այլն…»:
Համագումարն ավարտվեց ՀԱԵ Կապանի հովիվ պատ. Մհեր Շարբաթյանի աղոթքով և շնորհակալությամբ՝ Աստծո ներկայության համար։ Տեսանելի էր, թե ինչպես հոգևոր ճշմարտությունները փոխակերպվում էին գործնական խրատների, որոնք կանայք իրենց հետ տանելու էին իրենց համայնքներ՝ որպես ներշնչանք և հոգևոր աճի ուղեցույց։
Կեղծ աստվածների կամ կռապաշտության թեման, մեկօրյա համագումարի շրջանակում, կմատուցվի նաև Հայաստանի հյուսիսային շրջանի ՀԱԵ կանանց խմբերին: Աստծո կամքով, մայիսի 17-ին կանայք տարբեր քաղաքներից կմիավորվեն Ստեփանավանի ՀԱԵ-ում: