.
Ամուր զույգի հիմքը՝ սեր, ներում, հաղորդակցություն և հոգևոր աճ…

Մայիսի 18-ին, Երևանի Հարավ Արևմտյան Թաղամասի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում (ՀԱԵ) տեղի ունեցավ ամուսնական զույգերի համար նախատեսված սեմինար, որին մասնակցեց 26 զույգ՝ տարբեր տարիքային խմբերից ու համատեղ կյանքի տարբեր փորձառությամբ։ Միջոցառումը մեկնարկեց ջերմ ընդունելությամբ, հյուրասիրությամբ ու հաղորդակցությամբ՝ ՀԱԵ Երևանի 3 համայնքի, ինչպես նաև Աբովյանի, Այնթապի ու Արտաշատի զույգերի միջև։

Սեմինարի խոսնակները Ֆրեզնոյից ժամանած հոգեբան ամուսիններ Լյութեր և Թամար Սվաջյաններն էին՝ ամուսնական խորհրդատվության բազմամյա փորձ ունեցող ամուսիններ, ովքեր ծառայում են Ֆրեզնոյի Հայ Ավետարանական համայնքում։ Ներկայացնելով իրենց անձնական պատմությունն ու աշխատանքային փորձառությունը՝ նրանք շեշտադրեցին, որ ամուսնությունը ոչ միայն գեղեցիկ միություն է, այլ նաև ամենօրյա հոգատարություն, նվիրվածություն և Աստծո առաջնորդությամբ կառուցվող սրբություն։

Զրույցը սկսվեց սիրո թեմայով՝ որպես ամուսնական հարաբերությունների հիմք հանդիսացող ամենակարևոր արժեքներից մեկը։ Խոսնակները նշեցին, որ սերը միայն զգացում չէ, այն նվիրում է, որոշում, շարունակական գործընթաց։ Սերը պետք է անշահախնդիր ու անվերապահ լինի, քանի որ դրա իսկական աղբյուրն Աստված է, և Նա ինքն է սերը։ Սեմինարի ընթացքում շեշտվեց նաև ներումը՝ որպես ամուսնության մեջ խաղաղություն վերականգնող կենսական գործոն։ Ներելը նույնպես որոշում և շնորհ է. այն չպետք է պայմանավորված լինի արժանի լինելու փաստով, այլ պետք է լինի խոնարհ սրտի արտահայտություն։

Մասնակից զույգերը լսեցին նաև հաղորդակցության կարևորության մասին։ Խոսվեց այն մասին, թե ինչպես կարելի է միմյանց լսել ոչ միայն ականջով, այլև սրտով։ Զույգերին հորդորեցին բացահայտել ու կիրառել մտերմությունը խթանող գործիքներ՝ ներառյալ դժգոհությունների մասին արտահայտվելու հմտությունը՝ հարգանքով, իմաստությամբ և փոխընկալմամբ։ Խոսնակները կարևորեցին այն գիտակցումը, որ ամուսնությունը ոչ թե պարզապես կողք կողքի ապրել է, այլ միավորված կյանք՝ որտեղ այլևս «ես» չկա, այլ կա «մենք»։

Սվաջյան ամուսինները նաև գործնական խորհուրդներ տվեցին. միասին ժամանակ անցկացնել, խաղալ, հաճելի գործունեություն պլանավորել, միմյանց սիրո լեզուները հասկանալ, և հստակեցնել սահմանները՝ փոխադարձ հարգանքի հիման վրա։ Այս ամենը նպաստում է ամուսնության մեջ վստահության, հարգանքի և ջերմության խորացմանը։

Նյութի ամփոփման ժամանակ խոսնակները հիշեցրին ամենակարևոր ճշմարտությունը՝ ամուսնական զույգի հոգևոր աճը պետք է լինի համատեղ ճանապարհ։ Մեջբերելով աստվածաշնչյան հատվածներ՝ նրանք շեշտեցին. «Որքան զույգը մոտենա Աստծուն, այնքան մոտ կլինի իրար»։ Այս սեմինարը դարձավ ոչ միայն կարևոր գիտելիքների փոխանցման, այլ նաև նոր ոգեշնչման և հոգևոր վերանորոգման պահ՝ ամրացնելով Աստծո ներկայությամբ ձևավորված ընտանիքների հիմքերը։

 

 
Նախորդ
...
X