.
ՀԱԵ առցանց պատանեկան ճամբար

«Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ Քո ճանապարհը, որ գնամ Քո ճշմարտության մեջ…» Սաղմոս 86:11

2020թ. Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու  առցանց պատանեկան ճամբարի ողջ ծրագիրն ամփոփվել էր սուրբգրային այս հատվածի մեջ: 

Մենք բոլորս էլ անցնում ենք ճանապարհներ՝ կարճ կամ երկար, դյուրին կամ դժվարանցանելի, և պատահական չեն մեր բառապաշարում  տեղ գտած կյանքի ճամապարհ, կանաչ ճանապարհ, նույն ճանապարհի ճամփորդներ և նմանատիպ այլ արտահայտություններ, որոնք հաճախ գործածվում են իրենց ոչ թե բուն, այլ փոխաբերական իմաստով:

Իսկ որտեղի՞ց է սկսվում մեր ճանապարհը, ո՞ւր է այն մեզ տանում, ո՞ւմ կանչով ենք ճամփա ելել, ովքե՞ր են հանդիպում մեզ  ճանապարհին, ինչպիսի՞ հետք ենք թողնում, հե՞շտ ենք արդյոք կողմնորոշվում խաչվող ուղիներում, թե՞ միգուցե ճանապարհների թվացյալ գրավչությունը մեզ հեշտությամբ  մոլորեցնում է, շիտա՞կ ենք քայլում, թե՞ զարտուղի ճանապարհներով… Այս հարցերն էին, որ համախմբել էին Հայաստանի և Արցախի բազմաթիվ պատանիների և առաջնորդների: 5 հագեցած օրերի ընթացքում փորձեցինք յուրաքանչյուրս մեզ համար հստակեցնել, թե որքանով ենք հավատարիմ մեր ընտրած ուղուն, մեր գաղափարախոսությանը, նպատակակետին տանող մեր նեղ ու փշոտ, բայց միևնույն ժամանակ ճշմարիտ ճանապարհին: 

Օգոստոսի 4-20, պատանեկան ճամբարի 3 հերթափոխերի ընթացքում, շուրջ 176 պատանիներ կայացրին իրենց կյանքի թերևս ամենակարևոր որոշումը՝ Աստծո ճանապարհները սովորել, փորձել հավատարմորեն քայլել կյանքի ճանապարհով՝ դրսևորելով այնպիսի սեր, որ կարող է տրված լինել միայն Աստծո կողմից: Իսկ հեռահար շփումը ամենևին էլ չխոչընդոտեց ծրագրի բովանդակային միջուկի իրագործմանը. առավոտյան հանդիպումները սովորականի նման սկսվեցին մարմնի և հոգու մարզանքով՝ ֆիզիկական վարժություններ և, իհարկե, մենիկ պահ: Իսկ առավոտյան առցանց պաշտամունքը իր բոլոր բաղադրատարրերով մոռացնել էր տալիս, որ պատանյաց բանակը կայանել է որոշակի ֆիզիկական հեռավորությամբ, քանի որ բոլորը նույն միտքն ունեին և նույն տրամադրվածությունը՝ սովորել Աստծո ճանապարհները: 
Պակաս չկար նաև ուսուցողական և ժամանցային ծրագրերի. տարաթեմա սեմինարները, զվարճալի խաղերն ու մրցույթները, առցանց  ներկայացումները, նախաճաշի և ճաշի ընդմիջումները ստեղծել էին ճամբարային ուրույն կոլորիտ, և հաճախ էկրաններից այն կողմ իսակական եռուզեռ էր տիրում: 

2020 թ.պատանեկան առցանց ճամբարը դեռ երկար կմնա բոլորի հուշերում՝ իր ուրույն խորագրով մղելով մշտապես պատրաստ լինել սովորելու և սիրով ու հավատարմությամբ քայլելու:

Նունե Սոխակյան

 

Նախորդ
...
X