.
ՀԱԵ 175-ամյակի միասնական հոբելյանական պաշտամունք

Հուլիսի 1-ը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ծննդյան տարեդարձն է, 1846թ.-ին հենց այդ օրը Կոստանդնուպոլսի Բերա թաղամասի բնակարաններից մեկում տեղի ունեցավ Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու առաջին՝ հիմնադրության պաշտամունքը: 

175 տարի անց, կիրակի՝ հուլիսի 4-ին հոբելյանական պաշտամունքներ էին աշխարհասփյուռ Հայ Ավետարանական եկեղեցում:  Անցած ուղու վերաարժևորման, տեսիլքի ու առաքելության հստակեցման ու այդ ամենի համար Ատսծուն փառք տալու առիթ ՀԱԵ-ն ունեցավ նաև Հայաստանում ու Արցախում, ուր հոբելյանական պաշտամունքի հայտագիրը գրեթե նույնն էր:

Երևանում միասնական պաշտամունք էր, կային նաև հյուր հովիվներ:

Պատվելի Սուրեն Մակարյանի պաշտամունքի կոչին հաջորդեց աշխարհի տարբեր երկրների ու Հայաստանի քաղաքների ՀԱԵ համայնքների կատարմամբ «Ո՛վ մեծ Աստված» երգի տեսագրությունը, որին միացան նաև պաշտամունքի մասնակիցները (տեսագրությունը տե՛ս այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=QucAXF7P3jA ) :     

«Եկեղեցին ընդհանրական» երգով շարունակվեց պաշտամունքը, այնուհետև հավատացյալները փոխասաց ընթերցանությամբ կարդացին հատուկ ՀԱԵ 175-ամյակի առթիվ գրված աղոթք-մաղթանքը: Փառաբանության աղոթքն առաջնորդեց Բեյրութի առաջին  եկեղեցու նոր հովիվ պատ. Ժիրայր Ղազարեանը:

«Հայ Ավետարանական համայնքը, աշխարհի որ անկյունում էլ լինի, մեկ շունչ ունի, մեկ նպատակ ու առաքելություն, և դա Ավտարանի ջահը վառ պահելն է ու յուրաքանչյուր հոգու Ավետարանին հաղորդ դարձնելը»,- ՀԱԵ Երևանի Բաղրամյան 18-ի հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանն այս խոսքերով ներկայացրեց պաշտամունքին ներկա հյուր-հովիվներին, որից հետո խոսքի առիթ տրվեց Բեյրութի Հայկազյան Համալսարանի նախագահ վեր. Դոկ. Փոլ Հայդոսթյանին:

Վերապատվելին իր խոսքում հիշեց ՀԱԵ նահատակներից մեկին՝ մտավորական, ՀԱԵ հովիվ վեր. պրոֆեսոր Արմենակ Հայկազյանին, որի մահվան 100-ամյակը լրանում է հուլիսի 7-ին: Հայկազյան համալսարանը նրա պատվին է անվանակոչված:

Վեր. դոկ. Փոլ Հայդոսթյանը նաև հովվական աղոթքն առաջնորդեց:

Հանգանակության ավարտին շնորհակալության ու փառաբանության աղոթք բարձրացրեց Իրանում ՀԱԵ հովիվներից վեր. Վազրիկ Սաֆարյանը: Այնուհետև պաշտամունքի մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու ՀԱԵ ԱՄՆ-ի հովիվներից վեր. Ավետիս Բոյներյանի տեսաուղերձը ՀԱԵ պատմության ու առաքելության մասին (տեսաուղերձը տե՛ս այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=Yssbj-HP3Tg):

Երևանում ՀԱԵ միասնական հոբելյանական պաշտամունքի պատգամաբերը Երևանի «Հույսի Տուն» ՀԱԵ-ի հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանն էր: Վերապատվելին խոսեց 175-ամյակի կարգախոս դարձած հատվածի՝ Եբր. 10.23 համարի շուրջ՝  շեշտադրելով այն հույսը, որով անխախտ պետք է պահենք մեր հավատքը:

Հոբելյանական պաշտամունքին ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանի մատակարարմամբ նաև Սուրբ Հաղորդություն մատուցվեց: Պաշտամունքն ավարտվեց «Փառք և Պատիվ» երգի տեսագրությամն, որի տեսաշարն աշխարհի տարբեր անկյուններում ՀԱԵ եկեղեցիների լուսանկարներն էին, իսկ կատարողները՝ աշխարհասփյուռ ավետարանականները (տեսագրությունը տե՛ս այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=Xawe2h5lfFU):     

Նախորդ
...
X