.
ՀԱԵ հոբելյանական տարեկան համաժողով

2021-ը հոբելյանական է Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու համար: Ու չնայած աշխարհում տիրող համավարակի պատճառով ՀԱԵ 175-ամյակին նվիրված միջոցառումների մեծ մասը չեղարկվեց, այնուամենայնիվ, տեղական միջոցառումների շրջանակում հոբելյանը հիշատակվում է: Հոբելյանական էր նաև տարեկան համաժողովը: Հայտնի պատճառներով գրեթե երկու տարվա ընդմիջումից հետո՝ հուլիսի 4-6-ը Հանքավանի գեղատեսիլ բնության գրկում՝ «Շողիկ» ճամբարում, կրկին հավաքվել էր Հայաստանի ու Արցախի ՀԱԵ 23 համայնքի հովիվներից, պատվիրակներից ու հյուրերից կազմված գրեթե 120 հոգանոց մի մեծ խումբ:   

Համագումարի հյուր խոսնակը սփյուռքում միակ հայկական բարձրագույն ուսումնական հաստատության՝ «Հայկազյան» համալսարանի նախագահ, վերապատվելի, դոկտոր Փոլ Հայդոսթյանն էր, խորագիրը՝ «Պինդ բռնենք հույսի դավանությունն անսայթաք, որ հավատրիմ է խոստացողը»: Համաժողովի առաջին օրը՝ փառաբանության պաշտամունքից հետո,  վեր. Դոկ Հայդոսթյանը խոսեց ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու դրանց մեջ եկեղեցու դերի մասին՝ իր խոսքն հաստատելով Մատթևոս 7.24 համարով:

ՀԱԵ Հոբելյանական տարեկան համաժողովի երկրորդ օրն ամենալեցունն էր: Առավոտյան փառաբանության պաշտամունքից հետո վեր. դոկ. Փոլ Հայդոսթյանը խոսեց այն մասին, թե ի՞նչ էր բարեկարգությունն ու ի՞նչ կարևոր ներդրումներ է ունեցել ՀԱԵ-ն: Այնուհետև Համաժողովի մասնակիցները գրեթե 2 ժամ ծանոթացան ՀԱԵ նախորդ տարվա ծառայություններին:

Աշխատանքային ժողովի առաջին զեկուցողը ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանն էր: Վերապատվելին խոսեց մեկ տարվա կտրվածքով իր կատարած աշխատանքների մասին: Նկատեց, որ նախորդ տարի, համավարակի պատճառով ամեն բան առցանց էր: Այդ պատճառով հովիվների համար նախատեսված «Վերնատունը»  ոչ թե ամիսը մեկ, այլ շաբաթը մեկ անգամ էր: Առցանց աղոթքի ժամեր են եղել նաև Հայաստանի և արտերկրի ՀԱԵ քույր եկեղեցիների ու հովիվների մասնակցությամբ:  Բացի առցանց կիրակնօրյա պաշտամունքները, նաև Փիլիպպեցիս և Հայտություն գրքերի ամենշաբաթյա սերտողություններ են եղել: Աշխատանքներ են տարվել ՀԱԵ հովվության պատրաստություն անցնող, Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցի 2 ուսանողների հետ: Վեր. Մելքոնյանը խոսեց նաև վերջին ամիսներին ՀԱԵ-ում հովիվների տեղափոխությունների մասին: 

Զեկուցումներով հանդես եկան նաև ՀԱԵ խորհրդի նախագահ վեր. Ալբերտ Փայտյանը, ով նշեց, որ խորհուրդը մեկ տարվա ընթացքում 30 հանդիպում է ունեցել, մեծ մասը՝ առցանց: Նա անդրադարձավ նաև եկեղեցու՝ որպես պետությանը հաշվետու առանձին իրավաբանական անձ դառնալու կարգավիճակի մասին: Հաշվետվության կարգով խոսեցին նաև խորհրդի ատենադպիր պատ. Արամ Բաբաջանյանը, գանձապահ վեր. Սարգիս Օչինյանը:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը խոսեց ԱՀԱԸ-ի վերջին մեկ տարվա գործունեության մասին: Նշեց, որ ՀԱԵ-ի հետ համագործակցությամբ կարևոր առաքելություն են իրականացրել ինչպես Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան Արցախում: Հարութ Ներսեսսյանը խոսքի առիթ տվեց ԱՀԱԸ հոգաբարձության անդամ, Շուշիի Պետրոսյան ճամբարի բարերար Բրայեն Պետրոսյանին: Վերջինիս խոսքը քաջալերական էր՝ չհուսահատվելու, հավատալու և Աստծմով լավագույնի համար պայքարելու հորդոր էր:

Համաժողովի մասնակիցները օրվա երկրորդ կեսին բաժանվեցին երկու խմբի: ՀԱԵ հովիվների մասնակցությամբ սեմինարը նրանց աշխատանքային նոր գործիքի՝ ՀԱԵ անդամների էլեկտրոնային հարթակի ու որոնման ունիվերսալ մեխանիզմի հետ ծանոթացումն էր: Այդ ընթացքում ՀԱԵ պատվիրակները, վեր. Փոլ Հայդոսթյանի առաջնորդությամբ, սերտում էին, թե ո՞րն է Ավետարանական պաշտամունքը: Այնուհետև, համաժողովի բոլոր մասնակիցները միասին մասնակցեցին «Ո՞րն է Ավետարանական եկեղեցին» թեմայով սեմինարին:

Երկկրորդ օրվա աշխատանքային ժողովների ու հաշվետվությունների շարքը շարունակեց հովվական հանձնախմբի ատենապետ վեր. Հովհաննես Հովսեփյանը: Այնուհետև խոսքի առիթ տրվեց ՀԱԵ Քրիստոնեական Դաստիարակության բաժնին, որի ընթացքում ՔԴ տնօրեն վեր. Ավետիք Խաչատրյանն ու աշխատակազմը, մեկը մյուսին լրացնելով ներկայացրին մեկ տարվա կտրվածքով արված աշխատանքները, վերլուծություններն ու դրանց հիման վրա ծրագրված ապագա անելիքները:

Զեկույցներով հանդես եկան նաև ՀԱԵ կանանց խմբերի  համակարգող Էլիզ Բաղդասարյանը, եղբայրական ծառայության հանձնախմբի ղեկավար վեր. Վարդան Ափինյանը, ինչպես նաև ավետարանչական հանձնախմբի ղեկավար Գառնիկ Թութիկյանը:

Օրն ավարտվեց մշակութային երեկոյով, ժողովրդական ու ազգային երգերով ՀԱԵ Հոբելյանական տարեկան համաժողովի մասնակիցներին ողջունեց «Հայրեններ» համույթը:

Համաժողովի վերջին օրը ևս սկսվեց փառաբանության պաշտամունքով, որին հաջորդեց վեր. Փոլ Հայդոսթյանի «Ո՞րն է Աստվածաշնչի կարևորությունն ու ազդեցությունը» թեմայով պատգամ-դասախոսությունը:  Այնուհետև հնարավորություն ընձեռնվեց ՀԱԵ բոլոր համայնքերի ներկայացուցիչներին խոսել տեղական եկեղեցու ձեռքբերումների ու բացթողումների մասին, որին հաջորդեց տվյալ եկեղեցու համար աղոթքի պահը:

Իրենց ձեռքբերումների ու դժվարությունների մասին խոսեցին նաև Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցի ուսանողներ Արմեն Միսակյանն ու Խաչիկ Նազարյանը: Նրանց համար աղոթեց ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը:

Համաժողովի փակման պաշտամունքը նաև Սուրբ Հաղորդություն ստանալու առիթ էր, վեր. Փոլ Հայդոսթյանի պատգամը բացատրում էր, թե ի՞նչ է Սուրբ Հաղորդությունը: Վերապատվելին նկատեց, որ Սուրբ Սեղանը նախ միացնող հատկություն ունի, այն միացնում է Քրիստոսի տիեզերական եկեղեցին, բայց նաև բաժանման հատկություն ունի, քանի որ այդ սեղանի շուրջ էր նաև Հուդան… Հորդորը սերը չկորցնելն էր, քանի որ հենց սերն է միացնողը…

ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը սիրո ու դրանով շաղախված միաբանության խոսքով սկսեց Սուրբ Հաղորդության մատակարարումը:

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 2021թ.-ի հոբելյանական տարեկան համաժողովի  ընթացքում  ընտրություններ տեղի չունեցան: ՀԱԵ հոգևոր խորհուրդն առաջարկեց, իսկ պատվիրակները միաձայն ընդունեցին՝ ՀԱԵ խորհրդի ընտրությունները հետաձգել մեկ տարով, քանի որ համավարակի պատճառով 2020-ին ընտրված խորհուրդը հնարավորություն չի ունեցել  լիարժեք ծառայություն իրականացնել: