.
Հիշատակի միջոցառում ցեղասպանության թանգարանում

«Մեծ պատիվ է, երբ համալսարանը, որը ղեկավարում ես, կրում է ցեղասպանության նահատակի անունը»՝ վեր.դոկ.Փոլ Հայդոսթյան:

Հուլիսի 7-ը հայ մտավորական և գիտնական, Հայ Ավետարանական եկեղեցու ձեռնադրյալ հովիվ վերապատվելի, պրոֆեսոր Արմենակ Հայկազյանի նահատակության օրն է, այս տարի՝ 100-ամյակը: Նրա պատվին է անվանակոչվել Սփյուռքում միակ հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ «Հայկազյան» համալսարանը: Արմենակ Հայկազյանի նահատակության տարելիցի օրը համալսարանի նախագահ վեր. դոկ. Փոլ Հայդոսթյանը Երևանում էր:

Վերապատվելին, որպես հիշատակի արարողություն, յուրահատուկ տեղեկատվական-դասախոսական հանդիպում էր կազմակերպել  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) գիտաժողովների սրահում:

Հյուրերին նախ ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը: Նա շատ կարևորեց ու բարձր գնահատեց սերտ բարեկամությունն ու համագործակցությունը սփյուռքի կարևորագույն կրթօջախի՝ Հայկազյան համալսարանի հետ:

Վեր. դոկ. Փոլ Հայդոսթյանը ներկաներին, որոնց մի մասը Հայկազյան համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներ ու դիվանագիտական կորպուսի աշխատակիցներ էին, մյուս մասը՝ ընկերներ ու ՀԱԵ վերապատվելիներ, տեսապատկերների ու տեսանյութերի միջոցով համառոտ ներկայացրեց Արմենակ Հայկազյանի կյանքը, գործունեությունն ու մահը:

Վեր. դոկ Փոլ Հայդոսթյանը խոստովանեց, որ երբ նախաձեռնել են Արմենակ Հայկազյանին առնչվող նյութերի ուսումնասիրությունները, պարզվել է, որ որևէ կանոնավոր տեղեկատվություն չկա, եղած նյութերն էլ հակասական են, հետևաբար, «Հայկազյան» համալսարանը ստիպված է եղել սեփական նախաձեռնությամբ սկսել այդ ուսումնասիրությունների ընթացքը եւ հետազոտությունների ու փաստերի համադրմամբ բացահայտել այս մեծ հայի կյանքի կարևոր դրվագները:

Արմենակ Հարություն Հայկազյանը ծնվել է 1870թ.-ին պատմական Կիլիկիայի Հաճն քաղաքում: Երաժշտական, աստվածաբանական, մանկավարժական, լեզվաբանական լիարժեք կրթություն է ստացել տարբեր հեղինակավոր համալսարաններում, թվաբանություն ու աշխարհագրություն է դասավանդել Թարսուսի Սուրբ Պողոս հաստատությունում: Որպես վերապատվելի ձեռնադրվել է  1899 թ.-ին:  Նույն թվականին նշանակվել է Թուրքիայում Ջենանյան քոլեջի կրթական տեսուչ, որտեղ պաշտոնավարել է մինչև մահ: Վեր. պրոֆ. Արմենակ Հայկազյանին հաջողվել է թուրքական յաթաղանից փրկել ընտանիքին՝ ԱՄՆ ուղարկելով, բայց ինքը հավատարմորեն շարունակել է մնալ Գոնիայում ու կատարել իր պարտականությունը՝ որպես կրթական տեսուչ: Նա քեմալական ուժերի կողմից ձերբակալվել է 1921թ.-ի մայիսի 22-ին՝ կիրակնօրյա դպրոցի ժամանակ: Ձերբակալության պատճառն անգլերենով հաճախ գրված նամակներն էին, որոնց մեջ շատ հպանցիկ անդրադարձել էր նաև Թուրքիայում հայերի ծանր կացությանը: Մեկ և կես ամիս աքսորի ճանապարհը վեր. պրոֆ Արմենակ Հայկազյանին Գոնիայից հասցրել է Խարբերդ, հյուծված, հիվանդ ու ծայրահեղ ծանր վիճակում: Բուժման միտումնավոր ուշացման պատճառով նա մահանում է 1921 թ.-ի հուլիսի 7-ին: Հուղարկավորությունը տեղի է ունենում Խարբերդի Հայ Ավետարանական եկեղեցում, թաղվում է նույն եկեղեցու գերեզմանատանը:

Վեր. դոկ. Փոլ Հայդոսթյանը նշեց, որ «Նյու Յորք Թայմս» -ը 1922 թ.-ին Արմենակ Հայկազյանին ճանաչել է Մերձավոր Արևելքի ամենաականավոր հայ մանկավարժ: Հանդիպման ներկաները լսեցին նաև Արմենակ Հայկազյանի թոռան վկայության տեսագրությունը, որտեղ նա պատմում էր, թե ինչպես է պապը ձերբակալվել ու ինչպես է մահացել հոգևոր երգը շուրթերին: Խոր հավատքի դրսևորում հանդիսացող այդ երգը կատարեցին նաև հանդիպման մասնակիցները՝ ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ, հիշատակի երթից ու ծաղիկներ դնելուց հետո: Ահա այն խոսքերը, որոնք Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ, գիտնական ու պրոֆեսոր, վերապատվելի Արմենակ Հայկազյանի շուրթերին էին 100 տարի առաջ՝ մահվան մահճում:

Գերութենէս, վիշտէս, խաւարէս
Յիսուս կուգամ, Յիսուս կուգամ
Ազատութեանդ լոյսիդ վերջապէս
Յիսուս Կուգամ Քեզի

Հիւանդ կուգամ քու բժշկութեան
Եւ կարօտեալ բարեացդ բազմազան
Մեղքէս կուգամ Քու անմեղութեան
 Յիսուս Կուգամ Քեզի

Գերեզմանի վախէն ու դողէն
Յիսուս կուգամ, Յիսուս կուգամ
Տունդ երկնային Ուր փրկեալք կ’երգեն
Յիսուս Կուգամ Քեզի

Կործանումէ  Հաստատուն հիման
Ու փարախիդ Ապահովութեան
Միշտ նայելու դէմքիդ  Պատուական
Յիսուս Կուգամ Քեզի

Նախորդ
...
X