.
Եկեղեցաշենքերի վերանվիրում Ստեփանավանում և Իջևանում

2021թ.-ի հունիսի 16-ն ու 17-ը հիշարժան էին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու համար: Երկու օր, տարբեր քաղաքներում եկեղեցաշենքերի վերանվիրման պաշտամունքներ տեղի ունեցան: Այդ արարողությունները ՀԱԵ 175-ամյակի տոնակատարության շրջանակում էին:

Ուրբաթ՝ հունիսի 16-ին, ՀԱԵ Ստեփանավանի համայնքն ու տարբեր քաղաքներից ժամանած ՀԱԵ հովիվներն ու հյուրերը միասնական պաշտամունքով նշեցին 1998թ.-ին կառուցված, բայց վերջերս հիմնովին վերանորոգված եկեղեցաշենքի վերանվիրման արարողությունը:

Պաշտամունքը սկսվեց Ստեփանավանում ՀԱԵ հովիվ վեր. Հրանտ Բադալյանի ողջույնի խոսքով ու փառաբանության կոչով: Այնուհետև համայնքը երգեց եկեղեցու հիմն ու ընթերցեց ՀԱԵ հավատո հանգանակը, այնուհետև, փառաբանության երգ ու աղոթք բարձրացվեց առ Աստված:

Վեր. Հրանտ Բադալյանը շատ համառոտ ներկայացրեց ՀԱԵ 175-ամյա պատմությունն ու մասնավորեցրեց Ստեփանավանում ՀԱԵ պատմությունը: Այնուհետև, ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը հատուկ աղոթք բարձրացրեց Ստեփանավանում ՀԱԵ-ի համար:

Աստվածաշնչից պատգամն առնված էր Գործք Առաքելոց 9.1-6 համարներից: Պատգամաբերը վեր. Հովհաննես Հովսեփյանն էր, ով խոսեց Ճանապարհի, ասել է թե, Քրիստոսի հետևորդներ լինելու կարևորության, առաքելության ու նպատակի մասին:  

Պաշտամունքն ավարտվեց օրհնության աղոթքով, որի ժամանակ ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը բեմ հրավիրեց պաշտամունքին ներկա ՀԱԵ բոլոր հովիվներին ու հայտարարեց, որ նրանք բոլորը միայն մեկ բանի համար են աշխատում՝ Աստծո Խոսքը մարդկանց հասցնելու համար:     

Հաջորդ օրը՝ շաբաթ, հունիսի 17-ին, վերակառուցված ու բոլորովին նոր տեսք ստացած եկեղեցաշենքի ու հատկապես եկեղեցասրահի բացման ու վերանվիրման պաշտամունք էր Իջևանում: ՀԱԵ Իջևանի հովիվ վեր. Ալբերտ Փայտյանն իր ողջույնի խոսքում բարի գալուստ մաղթեց նաև հյուրերին ու ՀԱԵ տարբեր քաղաքներից ժամանած հովիվներին: Այնուհետև փառաբանության կոչ արեց: «Մաղթանք ընդհանրական եկեղեցուն» երգի կատարումից հետո ներկաներն ընթերցեցին Նիկիական հանգանակը: Փառաբանության աղոթքից հետո վեր.Ալբերտ Փայտյանը ներկայացրեց ՀԱԵ 175-ամյա համառոտ պատմությունն ու Իջևանում ՀԱԵ ծառայության պատմությունը: Եկեղեցու համար հատուկ աղոթք բարձրացրեց վեր. Հովհաննես Հովսեփյանը:

Աստծո Խոսքի պատգամաբերը ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանն էր: Վերապատվելին խոսեց Սաղմոս 84.1-4 համարների շուրջ՝ պատգամը վերնագրելով «Եկեղեցին՝ թանգարա՞ն, թե՞ հիվանդանոց»: «Եկեղեցին այն վայրը չէ, որտեղ մարդիկ գալիս են զարմանալի բաներ տեսնելու, հիանալու և տուն գնալու, եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդիկ պետք է գան իրենց հարցերով, մտահոգություններով, դժվարություններով ու այնտեղ պատասխաններ գտնեն»,- նշեց վեր. Մելքոնյանն իր խոսքում:

Պաշտամունքն ավարտվեց օրհնության աղոթքով: Դարձյալ, ինչպես Ստեփանավանում, հրավիրված բոլոր հովիվները բեմ բարձրացան: Վեր. Մելքոնյանն Իջևանի համայնքին ներկայացրեց հովիվներին՝ հաստատելով, որ նրանք բոլորն էլ քարոզում են միայն Տեր Հիսուս Քրիստոսին, որ եկեղեցին թանգարան չէ, այլ հիվանդանոց, որտեղ հրավիրված է յուրաքանչյուր անձ, ով հարցեր ունի, յուրաքանչյուր անձ, ով նեղության մեջ է: