.
Պատվական է Տիրոջ առջև Իր սրբերի մահը

2021թ.-ի հուլիսի 17-ի երեկոյան ՀԱԵ համայնքը ցավով լսեց երեց հովիվ, վերապատվելի Համլետ Կյուրեղյանի մահվան բոթը, և միայն հավիտենական կյանքի հույսն է, որ մխիթարում է նրա հարազատներին, բարեկամներին, նրանց, ովքեր ճանաչում էին վեր. Կյուրեղյանին, կամ նրա երկարամյա ծառայության պտուղն են:

 

Վերապատվելի Համլետ Գևորգի Կյուրեղյանը ծնվել է 1954 թվականին, Վրաստանի Գանձա գյուղում, մանկավարժի ընտանիքում։ Ավարտել է Հայաստանի

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը։

1978 թվականին ընկերոջ նախաձեռնությամբ այցելում է Երևանի Ավետարանական Մկրտական եկեղեցի, որտեղ հիմք է դրվում նրա հոգևոր կյանքին ու գործունեությանը։

Ապաշխարելով և Հիսուսին ընդունելով՝ 1978 թվականին որոշում է ամբողջ կյանքը նվիրել  Քրիստոսին և մարդկանց հասցնել փրկության Ավետարանի Բարի Լուրը։

1982 թվականին ամուսնանում է նույն եկեղեցու ծառայող Անուշ Վարդանյանի հետ։ 

1988 թվականի երկրաշարժից հետո օգնության նպատակով, եկեղեցու համաձայնությամբ, տեղափոխվում է Հայ Ավետարանչական Ընկերակցություն՝ իր ծառայությունը բերելու Հայաստանին աջակցող բարեգործական ծրագրերում։

Այդ ընթացքում ձևավորվում են նաև Սուրբ Գրքի սերտողության խմբեր, իսկ տարիների ընթացքում, կամաց-կամաց նաև հիմք է դրվում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու գործունեությանը Հայաստանում, որի մեջ իր անգնահատելի լուման է ներդնում նաև Համլետ Կյուրեղյանը։

1994 թվականից նա իր ավանդն է ներդնում եկեղեցաշինության և վերակազմավորման գործում։

Նրա ծառայության ընթացքում կազմակերպվում են եկեղեցիներ՝ Երևանի տարբեր շրջաններում, Աբովյանում, Գյումրիում և այլ վայրերում։

Նրա հոգևոր աճին մեծապես նպաստեց նաև 1997-2001 թվականներին Հայաստանի Ավետարանական Աստվածաբանական ակադեմիայում ստացած ուսումը:

Այս ընթացքում՝ 2000 թվականի նոյեմբերի 26-ին, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում առաջին անգամ տեղի է ունենում ձեռնադրության պաշտամունք, և Համլետ Կյուրեղյանը ձեռնադրվում է և ստանում «Վերապատվելի» տիտղոսը ու շարունակում իր ծառայությունը՝ քարոզելով, աշակերտելով և մկրտելով։

Տասներկու տարի ծառայելով ներկայիս Բաղրամյան 18-ում գտնվող Հայաստանյայց Ավետարանական եկեղեցումՀԱԵ հոգևոր խորհրդի առաջարկով և իր համաձայնությամբ տեղափոխվում է Գյումրու ՀԱԵ, ուր ծառայում է մինչև 2018 թվականը։

2018 թվականին ՀԱԵ խորհրդի որոշմամբ վերադառնում է Երևան՝ շարունակելով իր ծառայությունը որպես երեց հովիվ, ով իր շրջայցերով ու քարոզներով ծառայում է ՀԱԵ տեղական եկեղեցիներում: Կյանքի վերջին ամիսներին, ծանր հիվանդության պատճառով, կոչվում է հանգստի, ու վայելում ընտանիքի ընկերակցությունը մինչև 2021 թվականի հուլիսի 17-ը, երբ ննջում է ի Տեր։

Իր և տիկնոջ համատեղ և սիրով լի կյանքի ընթացքում ունեցել են երեք որդի և մեկ դուստր։ Աստված օրհնել է նաև՝ պարգևելով վեց թոռ և մեկ թոռնուհի, իսկ երկրորդ թոռնուհին Տիրոջ կամքով շուտով լույս աշխարհ կգա։

Վեր. Համլետ Կյուրեղյանը որոշել էր հետևել Հեսու 24.15 խոսքերին՝ «Ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու», և այն իրականացնելով՝ փոխանցեց իր զավակներին, ովքեր իրենց ընտանիքներով այժմ Տիրոջ դաշտի մեջ ծառայություն են բերում՝ ըստ Աստծո տված տաղանդների և շնորհների։

Նա ապրեց 67 տարի ու միացավ Իր սիրելի, պաշտելի և 43 տարի քարոզած ՓՐԿՉԻՆ։

«Պատվական է Տիրոջ առջև Իր սրբերի մահը» Սաղմ. 116.15

  

Նախորդ
...
X