.
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Գյումրիում

 

ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ազգային արխիվի նյութերից երևում է, որ 1840-ականների վերջերից Գյումրիում արդեն կային Հայ Ավետարանական փոքր համայնքներ: Ուստի, կարելի է ասել, որ Հայ Ավետարանականությունն Արևելյան Հայաստանում սկսել է տարածվել Արևմտյան Հայաստանին զուգահեռ, և Գյումրին Արևելյան Հայաստանի Հայ Ավետարանական կարևոր կենտրոններից է եղել:   

1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո, երբ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը սկսեց ծառայել հայրենիքին ամենատարբեր միջոցներով, 1991 թ.-ին գրասենյակ հիմնեց նաև Գյումրիում:

1999 թ.-ի սեպտեմբեր ամսից սկսած ԱՀԱԸ նախաձեռնությամբ կազմավորվեց Գյումրու կիրակնօրյա դպրոցը՝ Գրիգոր Վարդանյանի առաջնորդությամբ: 2000 թ. նոյեմբերից սկսած՝ Երևանի Հայ Ավետարանական Եկեղեցու հովիվ Վեր. Համլետ Կյուրեղյանը սկսեց ամեն կիրակի այցելել Գյումրի՝ կիրակնօրյա պաշտամունք մատուցելու: Ժամանակի ընթացքում ավելացան ծառայությունները: 2002 թ.-ից Գագիկ Դանիելյանը սկսեց առաջնորդել Գյումրու ՀԱԵ կիրակնօրյա պաշտամունքներն ու քարոզել: Կարճ ժանանակ անց եկեղեցին ունեցավ 4 քարոզիչ՝ Արմեն Թադևոսյանը, Գագիկ Դանիելյանը, Կարեն Մանուկյանը, Գրիգոր Վարդանյանը: Գյումրու Հայ Ավետարանական եկեղեցու 4 ծառայող դարձավ «Հայաստանի Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիայի» շրջանավարտ:

2012 թ.-ից Գյումրու ՀԱԵ հովվությունը ստանձնեց Վեր. Համլետ Կյուրեղյանը: 2016 թ.-ին, վեր. Կյուրեղյանի առողջական խնդիրների պատճառով, համայնքի հովվության պատասխանատվությունը 5 ամսով ստանձնեց վեր. Գագիկ Հովհաննիսյանը:

2018 թ.–ի սեպտեմբերի 16-ին պաշտոնակոչությամբ Գյումրու հովվությունը ստանձնեց Պատ. Արամ Բաբաջանյանը: Իսկ սեպտեմբերի  30-ին տեղի ունեցավ ՀԱԵ Գյումրու նոր և վեհաշուք եկեղեցաշենքի նվիրման արարողությունը: Ներկայումս Գյումրու Հայ Ավետարանական եկեղեցին ունի 77 մկրտված անդամ: Ամեն կիրակի մարդկանց ներկայությունը կազմում է միջինը 85-100 հոգի: Եկեղեցին այսօր ունի ծառայողական 18 հոգանոց խումբ:  

ՀԱԵ Գյումրու համայնքը՝ որպես Քրիստոսի եկեղեցու մեկ անբաժան մաս և Հայ Ավետարանական համաշխարհային ընտանիքի մեկ կարևոր անդամ, իր առջև դրված աստվածատուր առաքելություն ունի՝ Քրիստոսի ավետարանը քարոզելու, հռչակելու, գործնականում մարմնացնելու և թարգմանելու այն ավելի լայն համայնքի կյանքի տարբեր ոլորտներում:  ՀԱԵ Գյումրու համայնքի ծառայությունն ուղղված է Աստծո Սերը, Փրկության Ավետարանը և Ավետարանի վերափոխող լույսն ու ծառայությունը հասցնել հնարավորինս շատ մարդկանց:  Գյումրու եկեղեցին նպատակ ունի նաև իր ծառայությամբ նպաստել Գյումրու ժողովրդի մտավոր, կրթական և մշակութային վերելքին և իր հարատև ու անխախտ ծառայությամբ վերահաստատել իր պատմական ներկայությունն ու առաքելությունը:   

     

 

ՀՈՎՎԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Պատվելի Արամ Բաբաջանյանը ծնվել է 1987 թ.-ին, Ստեփանավան քաղաքում, որտեղ ստացել է նաև միջնակարգ կրթությունն ու սկսել է եկեղեցական ծառայությունը: Ապաշխարել ու կյանքը Քրիստոսին է նվիրել 2004 թ.-ին ՀԱԵ երիտասարդական ճամբարում: Նույն թվականից անդամակցել է Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու Ստեփանավանի համայնքին:  2007 թ.-ին ՀՀ զինված ուժերում ծառայությունից հետո ընդունվել և 2012 թ.-ին ավարտել է Հայ Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիան՝ ստանալով Աստվածաբանության բակալավրի կոչում: Այնուհետև, անցնելով մեկ տարվա փորձաշրջան, ստացել է քարոզչության արտոնություն և պատվելիի կոչում: Մինչև 2014 թ.-ը ծառայել է ՀԱԵ Բաղրամյան 18-ում՝ որպես օգնական հովիվ, այնուհետև ընդունվել է Բեյրութի Մերձավոր Արևելքի Աստվածաբանական ճեմարան, որտեղ 3 տարի սովորելուց հետո ստացել է աստվածաբանության մագիստրոսի կոչում: Վերադառնալուց հետո մեկ տարի հովվել է Աբովյանի ՀԱԵ-ն: 2018 թ. սեպտեմբերից մինչ օրս Գյումրու ՀԱԵ հովիվն է: Ամուսնացած է Արուս Անտոնյանի հետ: 

 

 

Եկեղեցական ծառայություններ և խմբակներ

 

Եկեղեցական ծառայություններ

 

Ընդհանրական պաշտամունք-Կիրակի, ժամը՝ 11:00

Սբ. Գրքի Սերտողություն-Հինգշաբթի, ժամը ՝ 17:00

Ծառայողների կարճ աղոթաժողով-Կիրակի, ժամը՝ 10:30

Առաջնորդների վարդապետական վերապատրաստման դասընթաց-Ուրբաթ, ժամը՝ 17:00 

Տիկնանց-Կիրակի, ժամը՝ 10:00

Մանկական-Կիրակի, ժամը՝ 13:00

Պատանյաց-Կիրակի, ժամը՝ 14:00

Երիտասարդաց-Չորեքշաբթի, ժամը՝ 16:00

Առաջին Աշակերտաց Խումբ-Շաբաթ, ժամը՝ 10:30

Երկրորդ Աշակերտաց Խումբ-Շաբաթ, ժամը՝ 14:00

Պատրաստվող առաջնորդների խումբ-Ուրբաթ, ժամը՝ 16:00

 

Խմբակներ  

 

Դիզայն-Երկուշաբթի, հինգշաբթի, շաբաթ, ժամը՝ 12:00

Ասեղնագործություն- Երեքշաբթի, չորեքշաբթի, շաբաթ, ժամը՝ 14:00; 15:30

Փայտամշակում- Երեքշաբթի, հինգշաբթի, ժամը՝ 15:00

Հուլունագործություն-Ուրբաթ, ժամը՝ 14:00

Պար-Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ, ժամը՝ 16:00

Կերպարվեստ-Երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ժամը՝ 15:00

Համակարգիչ- Երկուշաբթի, շաբաթ, ժամը՝ 16:30, 14:00

 

 

 

Նախորդ
...
X