.
Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԱՀԽ եվ ԱՀԱԸ ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի և Ավետարանչական ընկերակցության պատվիրակության անդամներին, որոնք Հայաստան են ժամանել  մասնակցելու ՀՀ անկախության 25-ամյակի տոնակատարություններին և Հայրենիքում նշելու Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հիմնադրման 170-ամյակը:

Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց Հայաստանի Հանրապետության անկախության 25 և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հիմնադրման 170 ամյակների առթիվ՝ մասնավորապես նշելով. «Ուրախ եմ, որ Հայաստանում եք գտնվում այս օրերին, երբ մենք հպարտությամբ նշում ենք մեր անկախության 25-ամյակը: Այս 25 տարիների ձեռքբերումների մեջ ես կուզեի առանձնացնել հատկապես 3 նվաճում. դրանցից առաջինը 2 հայկական հանրապետությունների գոյությունն է, երկրորդ՝ հայկական հզոր բանակի կայացումը և պետական ինստիտուցիոնալ կառույցների ստեղծումը, որոնք հաջողությամբ համագործակցում են միջազգային կառույցների հետ»:

Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց անկախ պետականության կայացման դժվար ճանապարհին Սփյուռքի ունեցած անգնահատելի դերը՝ երախտագիտությամբ խոսելով Հայ Ավետարանական եկեղեցու ներդրման մասին: Նախարարի պաշտոնակատարը շեշտեց նաև հայագիտության ասպարեզում Բեյրութի Հայկազյան համալսարանի ունեցած հսկայական դերը, որը միակ համալսարանն է ամբողջ Սփյուռքում:

Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը շնորհակալություն հայտնելով Հրանուշ Հակոբյանին գնահատանքի ջերմ խոսքերի համար՝ նշեց. «Հայրենիքին օգտակար լինելը Հայ Ավետարանական եկեղեցու անդամների համար մեծ ուրախություն է՝ պարտավորություն լինելուց առավել: Մենք շոշափելիորեն տեսնում ենք 25 տարվա ձեռքբերումները և մեր նոր սերնդի նվիրումն ու հայրենիքը արյունով ու քրտինքով պահելու ջանքերը»:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը նշեց. «Հայ Ավետարանչական ընկերակցությունն իր անշահախնդիր և հավերժական հանձնառությունն ունի Հայաստանի նկատմամբ և պատրաստ է հնարավորինը անելու, որպեսզի արագ հասնենք մեր երազած Հայրենիքի հզորացմանը»:

Շնորհակալանքի ջերմ խոսքեր ասացին Հայ Ավետարանական համաշխարահային խորհրդի գործադիր տնօրեն Վահան Թութիկյանը, Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի Փոլ Հայդոսթյանը, Սիրիայի Հայ Ավետարանչական համայնքի համայնքապետ Վերապատվելի Հարություն Սելիմյանը և ուրիշներ:

Հանդիպման ավարտին նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը  հաջողություն մաղթեց Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հիմնադրման 170-ամյակի առթիվ  սեպտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք հոբելյանական հանդիսությանը: 

Աղբյուր՝ http://www.mindiaspora.am/

Նախորդ
...
X