.
Համագումար աշխարհի տարբեր երկրների ՀԱԵ հովիվների մասնակցությամբ

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) 170-ամյակը Հայրենիքում էր մեկտեղել աշխարհի 13 երկրից մոտ 80 ՀԱԵ հովիվների եւ օգնականների: Համաշխարհային Հայ Ավետարանական եկեղեցիների հովիվների առաջին հանդիպումը 2016թ.-ի սեպտեմբերի 22-ին էր՝  Հանքավանում, Հայաստանյայց Ավետարանական համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ: Եռօրյա համագումարն ընթացավ «Աստծո կոչմանը հավատարիմ» խորագրի ներքո, հիշեցնելով Ա.Թես. 5.24 համարում տրված խոստումը.  «Հավատարիմ է Նա, որ ձեզ կանչեց, ու Ինքն էլ պիտի կատարի այն»։ Ա. Թես. 5.24

Համագումարը հրաշալի առիթ էր ոչ միայն միասնական պաշտամունքի, այլեւ հաղորդակցության, փորձի փոխանակման եւ իրար քաջալերելու համար: Ազատ հաղորդակցության ժամերին տարբեր երկրների հովիվներ խոսեցին հովվական ծառայության ընթացքում  տարբեր հարցերի շուրջ իրենց փորձառության մասին, իսկ զեկույցների ընթացքում լսեցին եւ սովորեցին հովվի կյանքի տարբեր ոլորտներին առնչվող հարաբերությունների մասին:

Համագումարի առաջին օրը Վեր. Մկրտիչ Կարագյոզյանը խոսեց «հովվի հարաբերությունը եկեղեցու հետ» թեմայով, իսկ  Վեր. Դոկտ. Փոլ Հայդոսթյանը խոսեց շրջապատի հետ հովվի հարաբերությունների մասին, այնուհետեւ՝ մյուս հովիվների հետ հովվի հարաբերությունների սկզբունքները բացահայտեց Վեր. Դոկտ. Ավետիս Բոյներյանը: Ավելի ուշ համագումարի մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու Վեր. Պերճ Ջամբազյանին եւ սովորելու առաքելության հետ հովվի հարաբերությունների մասին: Համագումարի վերջին օրը հովիվները Վեր. Ջոել Միքայելյանից լսեցին ընտանիքի հետ հովվի հարաբերոթյունների մասին:

Աստվածաբանական ու հոգեւոր թեմաների քննարկումներից բացի, հովվական համագումարի հիշարժան ու տպավորիչ բաժիններից էր նախավերջին օրվա գեղարվեստական մշակութային երեկոն: Տեղացի ու հատկապես սփյուռքի ՀԱԵ հովիվները տպավորված էին Արմավիրի ՀԱԵ երգչուհի Մարիետա Անտոնյանի հոգեցունց ձայնով, Վանաձորի ՀԱԵ «Անի» պարային համույթի հեզաճկուն պարով (գեղ. Ղեկավար՝ Մարինե Աղաջանյան)  ու Իջեւանի ՀԱԵ հովվի օգնական Սենիկ Սարիբեկյանի տպավորիչ ասմունքով:  

Համաշխարհային Հայ Ավետարանական եկեղեցիների հովիվների եռօրյա օրհնյալ համագումարն ավարտվեց հաղորդության պաշտամունքով, որի ընթացքում Վեր. Մկրտիչ Մելքոնյանը խոսեց «Աստծո հետ» լինելու օրհնության մասին:

Նախորդ
...
X