.
Աստվածահաճո եվ ազգանվեր ծառայության 170 տարի

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը սեպտեմբերի 25-ին լեփ-լեցուն էր: ՀՀ պետական եւ հոգեւոր այրեր, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվներ, ծառայողներ, Հայ Ավետարանչական ընկերակցության աշխատակիցներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, հյուրեր Երեւանից, մարզերից եւ արտերկրից, բոլորը հավաքվել էին տոնելու Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 170 եւ ՀՀ անկախության 25-ամյակը:

Հոբելյանական տոնակատարության սկիզբն ազդարարվեց ՀԱԵ խորհրդի նախագահ Վեր. Գեւոր Գասպարայնի բացման խոսքով: Վերապատվելին ողջունեց ներկաներին, շնորհավորեց զույգ հոբելյանները, ապա նշեց, որ ՀԱԵ-ն կազմավորման առաջին իսկ օրից ձգտել է հավատարիմ մնալ իր անվանն ու կոչմանը՝ լինելով հայ ժողովրդի կողքին եւ իր համեստ ներդրումն ունենալով ժողովրդի կյանքի բոլոր ոլորտներում:

Այնուհետեւ ոտքի կանգնեց ամբողջ դահլիճը՝ տոնակատարության գեղարվեստական մասը սկսվեց  ՀՀ օրհներգով:

«Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան) նվագակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղ. ղեկավար՝ Վահան Մարտիրոսյան) կատարեց ՀԱԵ 170-ամյակի առիթով գրված «Հարյուրյոթանասունամյա հոբելյանի երգը», այնուհետեւ հոգեւոր երգեր ՀԱԵ երգացանկից ինչպես նաեւ հայ և համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների ստեղծագործություններից:

Երեկոյի համերգային մասը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էր ելույթներով, հայ ժողովրդի հոգևոր, կրթական, հրատարակչական, ավետարանչական, մարդասիրական, եկեղեցական կայնքում Հայ Ավետարանական եկեղեցու ներդրած ավանդի, ինչպես նաեւ ՀՀ անկախության 25-ամյա նվաճումների մասին պատմող տեսաշարերով, որի հեղինակը Անդրանիկ Մարդոյանն էր: Ցուցադրվեց նաև մի հատված «Հայ ավետարանականների ներդրումը կրթության ոլորտում» ֆիլմից:

Շնորհավորական ուղերձով հանդես եկան Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի գործադիր տնօրեն վեր. դոկտ. Վահան Թութիկյանը: Վերապատվելին երջանիկ զուգադիպություն համարեց ՀԱԵ 170 եւ ՀՀ անկախության 25-ամյակների համընկնումը, նկատեց, որ ՀԱԵ կոչումը ամրագրված է իր անվան մեջ: Այսպիսով, Հայ, որոնվհետեւ 1846թ.-ին ծնվեց Կոստանդնուպոլսում՝ Հայ Առաքելական եկեղեցու ծոցից, եւ 170 տարի շարունակ ծառայեց ու պիտի ծառայի հայ ժողովրդին: Ավետարանական, որովհետեւ սիրո եւ փրկության ավետարանի վրա է խարսխված եւ 170 տարի շարունակ ավետարանն է քարոզում ու պիտի քարոզի: Եկեղեցի, քանի որ աղանդ չէ, ժողովարան չէ, այլ Քրիստոսի տիեզերական եկեղեցու մի մասնիկն է ու շարունակելու է լինել:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության(ԱՀԱԸ) անունից ողջունեց նախագահ Դոկ. Նազարեթ Տարագճյանը: Նա զուգադիպություն չհամարեց երկու հոբելյանների համընկնումն ու նշեց, որ ՀԱԵ-ն կիսել եւ կիսում է ոչ միայն հայ ժողովրդի ուրախությունը այլեւ վիշտն ու տառապանքը: ՀԱԵ-ն ազգին տվել է հերոսներ, մարտիկներ, ղեկավար պաշտոնյաներ, ուսուցիչներ ինչպես նաեւ նահատակներ, մասնավորապես Ադանայում, հայոց ցեղասպանության ընթցաքում ողջակիզված  ՀԱԵ 50 հովիվներն ու ծառայողները: Դոկտոր Տարագճյանը նկատեց, որ իրական քրիստոնեությունը դա մարդասիրությունը, ազգասիրությունն ու դրացուն աջակցելն է .«Եթե բոլորս ապրենք այդ քրիստոնեությունը, Հայաստանը կլինի երկիր դրախտավայր, եկեք աշխատենք այդ ուղղությամբ»,- եզրափակեց իր խոսքը ԱՀԱԸ նախագահը:

ԱՀԱԸ գործադիր տնօրեն պրն Զ. Խանջյանի ելույթը նվիրված էր ՀՀ անկախության 25 ամյակին:
«Արդարեւ՝ դարավոր հայրենիքի, պապենական օջախի եւ անմարդկային աներեւակայելի կորուստի փորձառությունն ապրած Սփյուռքն իր քաշքշվող գոյապատճառի եւ գոյապայքարի տրամաբանական եւ միակ անվհատելի կրակի ճարճատումը վառ պահեց,  իր երազած անկախ Հայաստանի շոշափելի իրականութեան մէջ...»: Պրն. Զավեն Խանջյանի խոսքն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ`   http://amaa.am/am/

Հոբելյանական հանդիսության փակման խոսքը ՀԱՀԽ նախագահ վեր. Մկրտիչ Կարագյոզյանին էր. «ՀՀ անկախության 25 տարիներն այքան թանկագին են մեզ համար, որ կարծես 25 դար լինեն»,- նշեց վերապատվելին եւ փառք տվեց Աստծուն նաեւ ՀԱԵ 170 տարիների կյանքի ու վկայության համար: Վեր. Կարագյոզյանը հորդորեց անցած 170 տարիներից առած 170 դասերով առաջնորդվել ապագայում, առանձնացնելով այդ դասերից 3-ը.

1.   Ավետարանը բոլոր ժամանակների համար իրական է, հաստատուն եւ անփոփոխ:

2.   Ավետարանը հաստատուն եւ անփոփոխ լինելով հանդերձ տակավին ապրող էություն է, եւ մեր կյանքը փոխվում է Ավետարանի լույսի տակ, հետեւաբար այն կարող է մեզ նորոգել նաեւ նոր ժամանակներում:

3.   Ավետարանը մեկ է, եւ այդ մեկությունը մեզ պետք է քաջալերի, որովհետեւ մենք էլ մեկ ենք որպես եկեղեցի, ու, չնայած, կղզիների նման երբեմն առանձին ենք թվում, բայց խորքում մեկ ընդհանուր հիմքի վրա ենք՝ հարանվանություններն ու փորձառություններն են տարբեր, բայց հիմքը Քրիստոսը և Իր Ավետարանն է: 

Հանդիսությունն ավարտվեց  Արմիսի (Վեր. Արմենակ Միսիրյան) Տերունական աղոթք երգով՝ «Հովեր» պետական կամերային երգչախումբի անզուգական կատարմամբ, եւ վեր. Մկրտիչ Կարագյոզյանի հովվական օրհնությամբ:

Նախորդ
...
X