.
Հրթիռակոծվել է Հալեպի ՀԱԵ «Բեթել» վարժարանը

Հոկտեմբերի 10-ին, առավոտյան՝ ժամը 05:00-ին, հրթիռ է ընկել Հալեպի Թելեֆոն հաուայի թաղամասում գտնվող Հայ Ավետարանական «Բեթել» վարժարանի վրա:

«Վարժարանի շենքը բավականին վնասներ է կրել: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չենք ունեցել: Վաղ առավոտ էր, և դեռ աշակերտները վարժարան չէին եկել»,- պատմում է Սիրիայի Հայ ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ, վերապատվելի Հարություն Սելիմյանը, ում բնակարանը դպրոցից մոտ 30 մետր հեռավորության վրա է գտնվում: 

Չնայած հրթիռակոծությանը՝ վարժարանում դասերը չեն ընդհատվել.«Առավոտյան մենք փորձեցինք ամեն ինչ կարգի բերել, որպեսզի երեխաները շատ բան չտեսնեն, և կարողանանք դասերը շարունակել: Հրթիռը հիմնականում վնասել էր վարժարանի տանիքը և 12-րդ դասարանը: Այդ դասարանի  աշակերտներին մենք այլ դասասենյակ տեղափոխեցինք: Օրերս կսկսենք վերանորոգման աշխատանքները»,-նշում է Հարություն Սելիմյանը:

Սիրայի հայաշատ Հալեպում վերջին օրերին իրավիճակը շատ է սրվել, ռմբակոծությունների հետեանքով մեծացել է  խաղաղ բնակչության կողմից զոհերի թիվը՝ այդ թվում եւ հայ համայնքից: Սիրիայում Հայ Ավետարանական համայքնը՝ ի դեմս Վեր. Հարություն Սելիմյանի, ոչ միայն շարունակում է  աջակցել, մխիթարել ու հոգ տանել պատերազմի հետեւանքով սոցիալական ու հեգեբանական խնդիրների մեջ հայտնված հայ ընտանիքներին, այլեւ աղոթում է, եւ խնդրում համայն հայությանը, որպեսզի աղոթեն օրհասական վիճակում գտնվող Սիրիայի, ու հատկապես հայաշատ Հալեպի համար:

 

Նախորդ
...
X