.
«ՇՈՂԻԿ» ճամբարի մանկական և պատանեկան բոլոր հերթափոխերը հայտարարում ենք փակված

Ամառային երեք ամիսների հետ մեկտեղ մոտեցան Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կողմից կազմակերպվող ճամբարային հինգից յոթ օրերը, որոնց մեկնարկին բոլոր նախկին, ներկա ու գալիք ճամբարականները սպասում էին շուրջ 273 օր։ Հիմա՝ ճամբարային արկածային օրերի ավարտին, եթե նրանց հարցնեք արդյո՞ք սպասումներն արդարացել են, կպատասխանեն․․․․

Մանուկներն են ճամբարում

  «Չէ մամայիս չեմ կարոտել, ուղղակի տեսահոլովակից շատ հուզվեցի»․

Հենց այսպես արձագանքեց ութամյա Եվանգելինան այն հարցին, թե ինչու են խոշոր երկնագույն աչուկներից ոչ պակաս մեծությամբ արցունքներ գլորվում։ Հուզվել էր տեսահոլովակից, որտեղ հոգատարությունը բժշկում էր բոլոր ցավերը։ Մեկ-երկու քայլ դեպի խաղահրապարակ և նույն աղջնակի աչքերում կարելի էր տեսնել ուրախությունից փայլող արևներ։ Ուրախություն, զվարճանք, լրջություն․․․ մեկը մյուսին գալիս ու փոխարինում էին ճամբարային ապրումներ, որոնք «բացակա» էին դարձել նախորդ համաճարակային տարվա «ներկա»-ն չստացած մեկ շաբաթի պատճառով։

Այսպես շուրջ 700 մանուկ 4 հերթափոխով հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 5-ը ոտք դրին Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբար և առաջին իսկ քայլից հայտնվեցին հրաշքների աշխարհում․ նրանց ուղեկցում էին խոսող թեյնիկը, մոմը, բաժակը, որոնց տիրուհու՝ արքայադստեր հրամանով ճամբարային խմբերը հետագայում անվանվեցին ու դարձան տարվա եղանակների, ամիսների ու շաբաթվա օրերի պաշտպաններ։ 

   

Մանկական մտքով, բայց Աստծուն ուղղված փառաբանություն, զվարճացնող և ուսուցանող ներկայացումներ,  իրականությունը մոռացության տվող, սակայն չարաճճի երեխայի սրտի իրականության հետ կապ հաստատող խաղեր, սրա հետ մեկտեղ՝ հատակի մեծ ինտելեկտուալ խաղ, հստակ նախատեսված, բայց ստեղծագործ միտքը ճախրանքի թույլատրող ձեռային աշխատանքներ, աստվածաշնչյան հերոսների կյանքից, բայց մանուկների սիրտը փոխող հոգևոր դասեր։ Կերպարային հերոսներ՝ զարմանահրաշ Թոմը, ով յուրաքանչյուր օր երեխաներին բերում էր սիրելի իրեր, պահեր ու մի փոքր «հեքիաթ», Լյուսին, ում փոքրիկ կյանքի մեծ պատմությունը հոգեհարազատ ու ուսուցանող էր, Էլիզան, ով փնտրում էր իրենց քաղաքի կենտրոնական ժամացույցի հեռացած մասերը․․․ Եվ այս ամենի գլխավոր նպատակն էր մանուկներին ոչ միայն նվիրել ամբողջ կյանքում սրտի մի անկյունում պահվող օրեր, այլ սովորեցնել, որ հիմա է ժամանակը հոգատար լինելու ու քաջալերելու, լավ ընկեր ու օրինակ լինելու և, իհարկե,  պատմել ու ցույց տալ, որ կա ժամանակներից վեր գտնվող ՄԵԿԸում մոտենալու, ճանաչելու ու նմանվելու ԺԱՄԱՆԱԿԸ հենց ՀԻՄԱ Է։

Իսկ այն հարցին՝ սպասումներն արդարացե՞լ են, թե ոչ, պետք չէ երեխաներից բանավոր պատասխան սպասել, բավական է պարզապես նայել նրանց փայլող աչքերին, երբ, օրինակ երկինք են բաց թողնում իրենց աղոթքներով պատված փուչիկ-աղավնիներին, կամ նրան, թե ինչպես են գրկում իրենց առաջնորդին, սպասումով, որ հաջորդ տարի կրկին նրա խմբից են լինելու, հուզված կհեռանան ճամբարից՝ տանելով սեր, հոգատարություն, քաջալերանք, լավ ընկերներ, և, իհարկե, Հիսուս Քրիստոսին ճանաչելու և նմանվելու որոշում։  

  

Ճամբարում են պատանիները

Ճամբարային վերջին օրը բեմում էր կայացած երգիչ՝ մի երիտասարդ, ով տարիներ առաջ՝ փոքր հասակում, կրկին այդտեղ էր, սակայն ոչ թե բեմում, այլ դահլիճում՝ պատանիների կողքին նստած, նրանցից մեկն էր․ դիմելով արդեն իրենից շատ փոքրերին՝ ասում էր «ապրեք այս պահը լիարժեք, քանի որ գուցե այլևս երբեք չունենաք ճամբարային նման օրեր»։ Պատանիների աչքերն ուղղված էին բեմահարթակում կատարողին, ոմանք հասկանում էին անթաքույց հուզմունքը, ոմանք՝ ոչ, սակայն բոլորը մի բան գիտեին՝ դպրոցում դեռ երկար ժամանակ կպատմեն ու կխոսեն իրենց ամառային արձակուրդների հենց այս հինգ օրերի մասին։

Նստած էին գրեթե 156 պատանի, օրեր առաջ հենց նույն տեղերում էին նստած նրանց տարիքակիցները․ երկու հերթափոխ ավարտվել էր։ Հինգ օր, երեք հերթափոխ, շուրջ 500 պատանի, ովքեր ապրեցին ճամբարային լիարժեք օրեր օգոստոսի 5-20-ը։  

Ճամբար մտնելուն պես ոմանք հետաքրքրվում էին իրենց սենյակներով ու սենյակակիցներով, ոմանք էլ՝ օգտվում «Շողիկ մարկետ»-ի ժամանակակից հյուրասիրությունից, իսկ մի մասն էլ շտապում էին «Հարցատուն»՝ հարցերին պատասխանելու և «միավորներ» վաստակելու։

 

Սահմանափակումներ ու կարծրատիպեր կոտրող խաղեր, ինքնակրթվելուն ու զարգանալուն ուղղված սեմինարներ, պատանեկան հասունությամբ փառաբանություն ու երկրպագություն, Աստծո Խոսքի պատգամ, սրտից սիրտ խմբային քննարկումներ․ յուրաքանչյուր ծրագրային քայլ մոտեցնում էր գլխավոր մտքին, որն ուղղված էր պատանիների սիրտն ու միտքը փոխելուն։ Նրանք, լսելով, որ կարող են տեսնել աշխարհն ու Աստծուն, վստահել ապագան Նրան, հաղթել մեղքին Քրիստոսի միջոցով, տարբերվել՝ Աստծո սերը կրելով ու տարածելով, հասկանում էին, որ այս ամենն ունենալով՝ Աշխարհում Կարող են Նոր Որակ Ցանել։    

Սպասումներն արդարանալու կամ չարդարանալու մասին՝ ոմանք գեղեցիկ նախադասությամբ կշարադրեն իրենց միտքը, ոմանք տարիքին բնորոշ խուսափողականությամբ միայն կասեն «շատ լավ», մյուսները կլռեն ու կժպտան, իսկ մենք կնայենք նրանց աչքերի մեջ, որը տանում է սրտի ու հոգու խորքը, և կտեսնենք բոլոր օրերի թողած դրական հետքերը․ փոխվող կամ փոխված սրտեր, ցանված կամ արդեն իսկ ծիլ տված սերմեր։

Այսպիսով՝ 2021 թ․-ի «Շողիկ» ճամբարի մանկական և պատանեկան բոլոր հերթափոխերը հայտարարում ենք փակված։ Ընդամենը մեկ շաբաթ, և հերթական անգամ կփակվի ամառային մի պատմություն, որի հետ մեկտեղ՝ ճամբարային հինգից յոթ օրերը։ Մանուկներն ու պատանիները կպատմեն իրենց անմոռանալի պահերը և կշարունակեն սպասել 273 օր, մի տարբերությամբ, այժմ նրանք հասկացել են՝ ՀԻՄԱ Է ԺԱՄԱՆԱԿԸ, երբ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՆՈՐ ՈՐԱԿ ՑԱՆԵԼ։

 

Թեհմինե Առաքելյան 

 

Նախորդ
...
X