.
ՀԱԵ աջակցությունը պատերազմից տուժածներին

Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված հետպատերազմյան իրավիճակից վերհառնելու համար Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին նախագծել և իրականացնում է մարդասիրական ու վերակառուցման ծրագրեր։ Այդպիսիններից մեկն էր Արցախի ՀԱԵ եկեղեցաշենքի վերանորոգումն ու կորսված գույքի նորով համալրումը, որը կյանքի կոչվեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և Գերմանիայի Ավետարանական եկեղեցուն կից գործող GAW (Gustav-Adolf-Walf) կազմակերպության հետ համագործակցությամբ։

Ձեռք բերված համագործակցության շնորհիվ այժմ իրագործվող հերթական ծրագրերից մեկը «Տրավմայի ամոքում»-ն է։ Այս ծրագրի շրջանակներում, Սուրբ Գիրքը հիմք ընդունելով՝ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ՝ գործելով զոհված ու գերեվարված զինծառայողների, ինչպես նաև գերության մեջ զավակ ունեցող ընտանիքների հետ։

Օգոստոսի 24-ին հոգեբան և տրավմայի ամոքման մասնագետ Մոնիկա Հովսեփյանի ուղեկցությամբ ՀԱԵ գրասենյակ էին հյուրընկալվել հայրենիքի պաշտպանության համար պայքար մղած և գերեվարված չորս երիտասարդ՝ մայոր Արթուր Աբգարյանը, Արմեն Բուդոյանը, Բորիս Օհանյանը և Վրույր Սարգսյանը։ Վերջիններս հանդիպում ունեցան ՀԱԵ ավագ հովիվ վեր Մկրտիչ Մելքոնյանի և ավագ հովվի օգնական վեր Հովհաննես Հովսեփյանի հետ։ Զրույցի ընթացքում հովիվները հետաքրքրվեցին երիտասարդների որպիսությամբ, նրանց եկեղեցու կողմից դրամական օգնություն ցուցաբերեցին, և գլխավորը՝ աղոթեցին ու Աստծո ապահով ձեռքերի մեջ հանձնեցին թե՛ նրանց, թե՛ նրանց ընտանիքներին։

Ներկա պահին ծրագրի շրջանակներում շարունակական և հետևողական աշխատանքներ են տարվում գերությունից վերադարձած հինգ զինծառայողի և զոհված զավակ ունեցող հինգ ընտանիքի  հետ։

Այս ամենի մեջ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու նպատակն է՝ Աստծո Խոսքը հիմք ընդունելով և միայն դրանով առաջնորդվելով, հոգևոր ու սոցիալական աջակցություն ցուցաբերելու միջոցով՝ հայրենիքի ազնիվ զավակներին մղել քայլ անելու դեպի շարունակվող կյանք։ 

 

Թեհմինե Առաքելյան 

Նախորդ
...
X