.
ՀԱԵ Քրիստոնեական դաստիարակության բաժինը շարունակում է առաջնորդների վերապատրաստման սեմինարները

Բայց դու արթո՛ւն եղիր ամեն ինչում, նեղությունների մեջ համբերի՛ր, ավետարանչի գործն արա՛ և պաշտոնդ կատարի՛ր։ Բ Տիմոթեոս 4։5

2020 թ-ը դժվար էր բոլորիս համար համավարակ, հետո պատերազմ։ Կարծես ժամանակը կանգ էր առել։ Չնայած դժվար պայմաններին, ՀԱԵ ՔԴ առաջնորդները շարունակում էին իրենց գործը։ Ընդունելով ժամանակի ստեղծած նոր պայմանները՝ ՀԱԵ ՔԴ բաժինը շարունակեց իր գործունեությունը՝  իր առաջ դնելով նոր խնդիրներ և նոր մարտահրավերներ։ Հիմնվելով նախորդ տարիների այցելությունների արդյունքների վրա՝ ՔԴ բաժնի աշխատակիցները 2021 թ-ին սկսեցին կատարել տարածաշրջանային այցելություններ, որոնք ավելի թիրախային էին և նպտակաուղղված։ Մշտական այս այցելությունները հնարավորություն տվեցին վստահության մթնոլորտ ստեղծել, միմյանց քաջալերել և օգնել։ Շուրջ մեկ տարվա այցելություններից հետո սկսվեց 2-րդ փուլը։ Այս փուլում, ըստ ՀԱԵ եկեղեցիների ծառայողների կարիքների և առաջարկությունների իրականացվում են սեմինարներ։

Ապրիլի 10-ին, Այնթապում տեղի ունեցավ «Հոգևոր կարգապահություն» թեմայով սեմինար, որի նպատակն էր ցույց տալ հոգևոր առաջնորդի կարգապահությունները, որոնք կօգնեն նրան իր ամենօրյա կյանքում թե՛ որպես ծառայող, թե՛ որպես քրիստոնյա անհատ։

Ապրիլի 21-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ «Ո՞վ է հոգևոր առաջնորդը» թեմայով սեմինար ծառայությունների պատասխանատուների համար։ Սեմինարի նպատակն էր ցույց տալ առաջնորդի հիմնական հատկանիշները։ Ապրիլի 24-ին, դարձյալ Ստեփանակերտում տեղի ունեցած սեմինարի թեման էր «Քրիստոնեական դաստիրակության սահմանումը և նպատակը», որի նպատակն էր հստակեցնել, թե ինչ է իրենից ներկայացնում ՔԴ-ն, ինչ նպատակներ ունի այն, ինչպես կարող են ծառայողները քրիստոնեական դաստիարակությունն օգտագործել հետպատերազմյան շրջանում՝ օգնելով թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին գտնել միակ ճշմարիտ հույսին՝ Քրիստոսին։

Սեմինարներին մասնակցել են ՔԴ պատասխանատուներ, առաջնորդներ, պատրաստվող և աշակերտական խմբերի մասնակիցներ։ Սեմինարներն անցկացրել է ՀԱԵ ՔԴ բաժնի աշխատակից՝ Շուշան Ենգիբարյանը։

 Օգոստոսի 28-ին, Իջևանում տեղի ունեցավ սեմինար՝ Տավուշի մարզի ՀԱԵ ՔԴ պատասխանատուների, ծառայողների և պատրաստվողների համար։ Սեմինարի թեմաներն էին՝ «Տարեկան աշխատանքային պլանի մշակում», «Առաջնորդը որպես ՔԴ բովանդակության կազմող և ՔԴ բովանդակային խնդիրները», «Դասերի և դասաշարերի չափանիշները»։ Սեմինարի նպատակն էր օգնել ծառայողներին, որպեսզի նախքան ծառայությունների մոկնարկը, կարողանան ճիշտ կազմել իրենց տարեկան ծառայությունների գրաֆիկը, կարողանան ինքնուրույն դասեր կազմել մանկական և պատանեկան ծառայությունների համար։ Սեմինարի ընթացքում մասնակիցները կազմել էին խառը խմբեր, որը գործնական աշխատանքների ընթացքում օգնեց թե՛ ավելի լավ ամրապնդել նյութը, թե՛ փորձի փոխանակում  ունենալ։ Սեմինարն անցկացրեց ՀԱԵ ՔԴ բաժնի աշխատակից՝ Լիլիթ Անտոնյանը։

 Սեպտեմբերի 24-ին, Վանաձորում տեղի ունեցավ ՀԱԵ Շիրակի և Լոռվա մարզերի ՔԴ պատասխանատուների և առաջնորդների հետ սեմինար, որի թեման էր «Ստեղծագործի՛ր»։ Սեմինարի ընթացքում մասնակիցները սովորեցին  նոր հմտություններ, ծանոթացան մի քանի գործիքների և դրանց կառավարելու հմտություններին, հնարավորություն ունեցան ավելի ստեղծագործ վերաբերմունք ցուցաբերել և թարմության շունչ տալ Քրիստոնեական դաստիարակության  ծրագրերին։ Այս ձևաչափի ուսումնասիրությունը հնարավորություն տվեց զարգացնել ստեղծագործական միտքը, տեղայնացնել նոր մեթոդները և սովորել ստեղծագործել նույնիսկ ճգնաժամանային իրավիճակներում։

Հանդիպման ընթացքում գործնական աշխատանքները շատ էին, որն էլ ավելի էր օգնում պատկերացնել մեթոդների իրագործումը։

Մասնակիցները միմյանց հետ կիսվեցին իրենց փորձառություններով ու օրինակներով և քաջալերեցին նոր ընթացք անցնել։ Սեմինարն անցկացրեց ՀԱԵ ՔԴ բաժնի աշխատակից՝ Անահիտ Սիմոնյանը։

 ՀԱԵ ՔԴ բաժինը կարևորում է Եկեղեցու ծառայողների հոգևոր առողջ սնունդ ստանալը, որպեսզի կարողանանք ըստ Աստծո Խոսքի արթուն լինենք, նեղություններին համբերենք և պաշտոնը կատարենք։

 

Լիլիթ Անտոնյան

 

Նախորդ
...
X