.
Աստծո Սերը

Աստված սեր է. սա Աստվածաշնչի կենտրոնական ու հիմքային ճշմարտություններից է: Աստծո սերը անշահախնդիր է, անսակարկ է, աննախապայման է և բխում է Իր էությունից:

Աստծո սերը ի սկզբանե արտահայտվում և ի հայտ է գալիս արարչագործության մեջ: Այստեղ Հայր Աստված հանդես է գալիս որպես Արարիչ: Ծննդոց 1․1-3 հատվածը մեզ ասում է հետևյալը․ «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը: Եվ երկիրն անձև ու դատարկ էր, և անդունդի վրա խավար կար: Եվ Աստծո Հոգին շարժվում էր ջրերի երեսին: Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի», և լույս եղավ: Եվ Աստված տեսավ, որ լույսը բարի է, ու Աստված լույսը անջատեց խավարից»:

Սրանք Աստվածաշնչի առաջին տողերն են, որտեղ Աստծո խոսքը խոսում է արարչագործության հրաշքի մասին: Աստված ոչնչից ստեղծում է գոյը, ստեղծում է նյութը, կյանքը: Աստված իր Խոսքով քաոսը վեր է ածում կարգ ու կանոնի: Քաոսը, որը ինքն իրենով խավար է, անկազմակերպվածության խտացում է և ի վիճակի չէ ոչինչ ստեղծել ու ծնել, Աստծո հրամանով ու ամենակալ կամքով դառնում է ներդաշնակություն: Նա ստեղծում է մարդուն որպես Իր արարչագործության պսակ:

Աստված մարդուն ստեղծեց որպես հոգևոր և բանական էակ, ով ֆիզիկապես ապրելուց առավել՝ հոգևոր ուղիղ հարաբերության մեջ էր Արարիչ Աստծո հետ և իր աստվածատուր բանականությամբ կարողանում էր ընկալել ու գիտակցել իրականությունը և ինքն իրեն: Այս ամենը բարի էր, զուրկ էր մեղքից, չարիքից ու քաոսից: Եվ սա Աստծո սիրո հեղումն է, քանի որ Աստված կամեցավ ստեղծել նյութը, գոյը, կյանքը և մարդուն, որպեսզի սրանք գոյություն ունենան, ապրեն և ներդաշնակ կյանքի մեջ վայելեն Աստծո կենդանացնող, սնուցող ու խորհրդավոր սերը:

Աստծո սերը գերագույն կերպով հեղվեց ու մարմնացավ Քրիստոսի մեջ: Քրիստոսը Աստծո և Իր սիրո գերագույն հայտնությունն է: Աստված այստեղ հանդես է գալիս որպես Փրկիչ: Հովհաննու ավետարանի 3․16-17 համարները հստակ ու բովանդակային կերպով արտահայտում են Քրիստոսի մեջ հայտնված Աստծո սերը և փրկության բարի լուրը․ «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որ ով Նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: Որովհետև Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ աշխարհը դատի, այլ որ աշխարհը Նրանով փրկվի»:

Աստված Քրիստոսի մեջ ու Քրիստոսի միջոցով միջամտեց մարդկային ցեղի պատմության մեջ, որպեսզի կանգնեցնի ու փոխի այն ընթացքը, որը սկսվեց մեղքի պատճառով: Մարդը, ապստամբելով Աստծո դեմ, ընկավ և սկսեց իր հետևից քանդել ու փլուզել այն ներդաշնակությունը, որը Արարիչ Աստված ստեղծել էր: Մարդը սրընթաց կերպով սկսեց գահավիժել դեպի չարիքի, քաոսի ու մեղքի անդունդը: Այս ընթացքը կարծես անկասելի էր և հույս չկար վերականգնումի: Եվ ահա Քրիստոսը եկավ մարդկության այս ընթացքը կանգնեցնելու, Աստծո ստեղծած հրաշալի ու գեղեցիկ ներդաշնակության վերջնական կազմաքանդումը փրկելու և աստվածային փրկությամբ մարդուն դեպի Աստված վերադարձնելու համար: Քրիստոսի մեջ Փրկիչ Աստծո սերը աննկարագրելի ու անհատակ է:

Աստծո սերը նաև Սուրբ Հոգու՝ Մխիթարիչ Աստծո գործունեության և շարժման մեջ է շռայլորեն հեղվում: Քրիստոսի մեջ ու միջոցով փրկությունը իրականություն դարձնելուց հետո Աստված շարունակեց Իր փրկող, խնամակալ, բժկող, զորացնող սերը հայտնել Սուրբ Հոգու՝ Մխիթարիչի միջոցով:

Հովհաննես ավետարանի 14․16-18 հատվածը ասում է․ «Եվ Ես Հորը պիտի աղաչեմ, և Նա ձեզ ուրիշ Մխիթարիչ պիտի տա, որ ձեզ հետ մնա հավիտյան: Ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, քանի որ չի տեսնում Նրան և ո՛չ էլ գիտի Նրան, բայց դուք գիտեք Նրան, որովհետև Նա ձեզ հետ է բնակվում և ձեր մեջ պիտի լինի: Ես ձեզ որբ չեմ թողնի. Կգամ ձեզ մոտ»:

Սուրբ Հոգու գործը մեծագույն կերպով երևում է եկեղեցին հիմնելու, եկեղեցին ստեղծելու փաստի մեջ: Եկեղեցին Աստծո մխիթարիչ սիրո պտուղն ու այդ սիրո տարածողն է աշխարհում: Եկեղեցին Քրիստոսի մարմինը դարձավ: Եկեղեցին Աստծո թագավորության խորհդանիշը և Աստծո մնայուն ներկայության ու սիրո հաստատությունն է: Եկեղեցին Աստծո ժողովուրդն է: Եկեղեցին Աստծո գործը շարունակողն է: Եկեղեցին Աստծո սերը կրողն է։ Այն Արարիչ Աստծո սերը, Փրկիչ Աստծո ինքնազոհությունը և Մխիթարիչ Աստծո զորությունը քարոզողն է: Եկեղեցին կանչված է փոխելու իր շրջապատը և առաջնորդելու դեպի Աստված:

Աստված սեր է, և Աստծո սերը արարող է, փրկող է, կենսատու է, վերականգնող է, բժշկող է, զորացնող է, հաստատող և ձևափոխող է:


Պատ. Արամ Բաբաջանյան