«Մկրտությամբ Նրա հետ մահվան մեջ թաղվեցինք, որ ինչպես Քրիստոսը Հոր փառքով հարություն առավ մեռելներից, այնպես էլ մենք կյանքի նորոգության մեջ քայլենք»: Հռոմեացիներին 6.4
Աստծո պատվերին հավատարիմ մնալով, կիրակի՝ նոյեմբերի 13-ին, ՀԱԵ Բաղրամյան 18-ում տեղի ունեցավ մկրտության արարողություն: Համայնքի չորս անդամներ, ովքեր որեւէ ուղղադավան եկեղեցում մկրտված չէին, եւ մասնակցել էին ՀԱԵ-ում կազմակերպված մկրտության դասընթացներին ու անցել հարցազրույցի փուլը, իրենց Ուխտը հաստատեցին Սուրբ Մկրտության խորհուրդով:
Վեր. Հովհաննես Հովսեփյանի ձեռամբ եւ աղոթքով, ջրային Մկրտությունը տեղի ունեցավ պաշտամունքի ընթացքում՝ բեմի վրա:
Համայնքի ևս երկու անդամներ, ովքեր մկրտվել էին մանուկ հասակում, ուխտի նորոգության աղոթք բարձրացրեցին Աստծո եւ համայնքի առջեւ:
Ուխտի նորոգության աղոթքի եւ Սուրբ Մկրտության արարողության ավարտին մասնակիցները Աստվածաշունչ, հոգեւոր գրականություն, իսկ մկրտվողները նաեւ վկայական ստացան:
Սուրբ Մկրտության խորհուրդի արարողությունը կարեւոր ազդեցություն էր թողել ոչ միայն մկրտվողների, այլեւ ներկաների վրա: Շատերը վկայում էին, որ օրհնյալ ու ցնծությամբ լի պահեր ապրեցին, ականատես լինելով համայնքի նոր անդամների հոգեւոր ծնունդին:
Հ.Գ.- Սուրբ Մկրտությունը Հայաստնյայց Ավետարանական եկեղեցու երկու խորհուրդներից մեկն է: Տարին մեկ անգամ Հայաստանի եւ Արցախի բոլոր Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիներում կատարվում է մկրտության արարողություն: Մկրտության հայտի համար հիմք է համարվում մկրտվողի գրավոր դիմումը, հարցազրույցը եւ որեւէ ուղղադավան եկեղեցում մկրտված չլինելու փաստը, քանի որ ՀԱԵ-ն վերամկրտություն չի կատարում: Մկրտության դիմումը լրացնելուց եւ հարցազրույցն անցնելուց հետո, մկրտության թեկնածուն հատուկ դասընթաց է անցնում, որի ընթացքում սովորում է մկրտության խորհուրդը՝ Ասվածաշնչյան հիմքերով, նշանակությունը հավատացյալի կյանքում, մկրտվող անձի պարտականությունները Աստծո, եկեղեցու եւ համայնքի նկատմամբ: Սուրբ Մկրտությունը կատարվում է ջրի գործածությամբ, կախված տեղանքից եւ հարմարություններից, կարող է լինել լողավազանում կամ գետում, կամ եկեղեցու սրահում՝ քիչ ջրի գործածությամբ: Մկրտությունը կատրվում է համայնքի ներկայությամբ, միայն ձեռնադրյալ հովվի կողմից, Սուրբ երրորդության անունով: