.
Աստծո գերազանցությունը

«Ո՛վ Տեր, մեր Տե՛ր, ի՜նչ գերազանց է Քո անունը ամբողջ երկրի վրա…»Սաղմոս 8.1

Սաղմոս 8-ը Դավթի սաղմոսներից է, որը գրվել է իր հովիվ եղած ժամանակ, երբ մի փայլուն աստղազարդ գիշեր մտածում էր առեղծվածային տիեզերքի և այնտեղ գտնվող մարդու դերի մասին մի կողմից ստեղծագործության մեջ, մյուս կողմից՝ Արարչի հետ հարաբերություններում: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Դավիթն իր միտքը լցնում էր Աստծո գիտության ճանաչողությամբ, և սա իր կողմից այն փորձերից մեկն է, որը նկարագրում է Աստծո մեծությունը: Նա պարփակում է սաղմոսի գլխավոր ասելիքը՝ սկսելով և ավարտելով Աստծո անունի գերազանցության փառաբանությամբ՝ «Ո՛վ Տեր, մեր Տե՛ր, ի՜նչ գերազանց է Քո անունն ամբողջ երկրի վրա» (1 և 9 համարներ): Այս բանաստեղծական հնարքը կիրառելով՝ Դավիթը ցանկանում է շեշտադրել, որ բնության եւ մարդու մասին խորհելով՝ միտքը սկսվում եւ ավարտվում է Աստծո մեջ, և միևնույն ժամանակ նրա՝ իր կյանքում Աստծուն առաջնահերթ դիրք տալն է ընդգծվում: 
Դավիթը սաղմոսը սկսում է «Ո՛վ Տեր» արտահայտությամբ, որը եբրայերեն «Յահվե»՝ «Տեր» բառն է: Սա Աստծո հատուկ ուխտի անունն էր, որն իսրայելացիները շատ հազվադեպ էին բարձրաձայնում՝ համարելով այն թաքնված, գաղտնի և սուրբ: Այնուամենայնիվ, հին կտակարանում դա Իսրայելի Աստծո «իսկական» անուն է, որն արտահայտում էր Աստծո մեծությունը, ինքնիշխանությունը և արարիչ լինելը: Նա հայտնվեց ու մեկնաբանեց Իր էությունն Իսրայելի՝ Եգիպտոսից դուրս գալու ժամանակ և միջոցով: «Յահվեն» ազատության և ճշմարիտ աստվածապաշտության Աստվածն է, ով ատում է ստրկությունն ու կռապաշտությունը: Միևնույն ժամանակ նախանձախնդիր Աստված է, ով հրամայում է ոչնչացնել այլ ինքնակոչ «աստվածների»։ Այսպիսով՝ այս անունը ցույց է տալիս Աստծո վերաբերմունքն ու ցանկալի հարաբերությունն Իր ստեղծագործության հետ, թե ինչպես է Աստված նախաձեռնում անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է Իր ժողովրդին, ինչպես ելիցի ժամանակ, այնպես էլ այսօր: Սակայն շարունակության մեջ գրված «Մեր Տերը» արտահայտության մեջ օգտագործում է «Ադոնայ» բառը, որը նույնպես թարգմանվում է «Տեր», և իսրայելացիները նույնպես օգտագործում էին Աստծուն դիմելուց: «Ադոնայ» մեկնաբանվում է որպես աջակից, առաջնորդող, կառավարիչ, դատավոր, մարգարե: Ավելի ճիշտ կլինի ասել, որ «Ադոնայը» ոչ թե անուն է, այլ տիտղոս, որն արտահայտում է հարգանք և խոնարհություն, և միևնույն ժամանակ՝ մտերմություն Աստծո հանդեպ: Եթե «Յահվե»-ն արտահայտում էր Աստծո վերաբերմունքն Իր ընտրած ժողովրդի հանդեպ, ապա «Ադոնայ»-ը՝ այդ ժողովրդի վերաբերմունքն իրենց Աստծո հանդեպ: Դավիթը, ասելով «Ո՛վ Տեր, մեր Տե՛ր» կամ «Յահվե՛, մեր Ադոնա՛յ»,  ցանկանում է շեշտադրել այն մտերմությունն ու պատկառանքը, որը տածում էր իր հետ ուխտ կապած Աստծո հետ: «Յահվե»-ի փառավորությունն ու ամենակարողությունը չի խանգարում որպես «Ադոնայ» մտերմություն հաստատել, կարիքավորին օգնել, վիրավորի սրտին հասնել և հոգեկան վշտի մեջ եղողին կարեկցել: Ոչ միայն ֆիզիկական ստրկությունից ելից տվող մեծ Աստված է, այլև մեղքի ստրկությունից  հոգևորապես ելից պարգևող:
«…ինչ գերազանց է Քո անունն ամբողջ երկրի վրա»: Աստծո մեծությունը երևում է ամբողջ ստեղծագործության մեջ, Նրա փառքը տարածվում է երկնքից: Մոլորակները, աստղերը, տիեզերքը, որոնց միայն մեկ մասն է տեսանելի մարդկային աչքին, ոչ ամբողջական պատկերն են աստվածային իրականության: Այնուամենայնիվ, այն չափը, որքանով Աստված հայտնել է Ինքն Իրեն և թույլ է տվել տեսնել մարդուն, բավական է հավատալ և ըմբռնել Նրա անսահմանությունն ու գերազանցությունը ողջ արարչագործության վրա: Դավիթը, ասելով «…ամբողջ երկրի վրա» արտահայտությունը,  ճանաչում և հաստատում է, որ  Տիրոջ անունը գերազանց է ոչ միայն Իսրայելի, այլ ամբողջ մարդկության համար: Ողջ արարչագործությունն Աստծուն է պատկանում, և Նա ամբողջ ստեղծագործության Աստվածն է: 
Անփոփելով սաղմոսի առաջին համարը՝ երկու հիմնական պատգամ կարող ենք առանձնացնել: Առաջին՝ Աստված, լինելով ինքնիշխան և հզոր, Իր ժողովրդի համար կարող է լինել մտերմություն և հարաբերություն կառուցող: Նրա փառավորությունն ու ամենակարողությունը չեն խանգարում, որ մտերմություն հաստատի մարդու հետ: Երկրորդ՝  Աստծո իշխանությունն ու զորությունը տարածվում են ոչ միայն Իր ընտրած ժողովրդի, այլ՝ ամբողջ մարդկության և արարչագործության վրա: Աստված ամբողջ մարդկության Տերն է: 

Արմեն Միսակյան

 

Նախորդ
...
X