.
Աստծո մխիթարությունը

 

«Իմ ներսում մտահոգություններիս շատանալու պահին Քո մխիթարություններն ուրախացնում էին իմ անձը» Սաղմոս 94.19

 Ո՞վ կարող է մխիթարել այնպես, ինչպես Աստված։ Գնա՛ Աստծո դժբախտ, ընկճված, վշտացած զավակի մոտ, հիշեցրու՛ հաճելի խոստումների մասին, հատուկ մխիթարող խոսքեր շշնջա, բայց նա կփակի ականջները դրանց առաջ։ Նա ականջ չի դնի մխիթարության ձայնին, որքան էլ այն իմաստուն հնչի։ Նրա սնունդը դառնությունն ու օշինդրն են։ Որքան էլ փորձես մխիթարել նրան, նրանից կլսես միայն տխուր հառաչանք։ Նրա շուրթերից դուրս չի գա ո՛չ գովերգող սաղմոս, ո՛չ հիացական «ալելուիա», ո՛չ ցնծալի երգ։ Բայց թող դա Աստծուն, և Նրա զավակը կստանա մխիթարություն․ դեմքն ուրախությունից կփայլի, և հույսով կշողան աչքերը։ Եվ այդ ժամանակ կլսես, թե նա ինչպես է երգում․

Երբ Աստված այստեղ է, սա այգի է դրախտի,

Թե Նա չկա մեր կողքին, սա լոկ դժոխք է կրկին։

 

Քեզ չհաջողվեց գոտեպնդել նրան, դա կարողացավ անել միայն Տերը։ Նա «բոլոր մխիթարությունների Աստվածն» է (2 Կոր․ 1.3): Բալասան չկա Գաղաադում (Եր 8.22), բայց բալասան կա Տիրոջ մեջ։ Արարածների մեջ բժիշկ չկա, բայց բժիշկն Ինքը՝ Արարիչն է։ Տիրոջ միայն մի խոսքը բավական է, և քրիստոնյաները երգեր են երգում։ Մի՞թե դա հրաշալի չէ։ Տիրոջ Խոսքը նման է բնակտոր ոսկու, որի համար անդադար ուրախանում են։ Այդ պատճառով, դժբա՛խտ քրիստոնյա, պետք չէ տրվել հուսալքությանը։ Գնա՛ Մխիթարողի մոտ և Նրանից մխիթարությու՛ն խնդրիր։ Դու լքված, չորացած ջրհոս ես։ Դու գիտես , որ եթե անոթը դատարկվել է, անհրաժեշտ է դրա մեջ ջուր լցնել, որ այն կրկին լցվի։ Եվ այսպես, եթե քեզ դատարկված ես զգում, գնա՛ Աստծո մոտ։ Խնդրի՛ր Նրան սիրտդ ուրախությամբ լցնել, և «ձեր ուրախությունը լրիվ լինի» (Հովհ․ 15.11): Մի՛ գնա երկրավոր ծանոթներիդ մոտ, քանի որ ի դեմս նրանց կգտնես Հոբի մխիթարողներին, այլ նախ գնա «մխիթարող Աստծո մոտ», և շուտով կասես․ «Իմ ներսում մտահոգություններիս շատանալու պահին Քո մխիթարություններն ուրախացնում էին իմ անձը» (Սաղմ. 94.19)։

Չ․ Սպերջեն, «Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ», էջ 59

 

Նախորդ
...
X