.
«ՇԱԽ և ՄԱՏ» կամ ՀԱԵ մանուկներն ու պատանիները խաղում են ՇԱԽՄԱՏ

Թագավորը, թագուհին և պաշտպաններն «կանգնած» էին խաղահարթակին, իսկ նրանց թիկունքում «նստած» էին վեջիններիս քայլերը կանխամտածող ու առաջնորդող երկու անձ: Անշունչ թագավորին ու իր ընտանիքին շունչ տվողներն՝ այդ անձիք, ամենայուրօրինակ մանուկներն ու պատանիներն էին: Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու 8-16 տարեկան 31 մանուկ ու պատանի նստել էին սև ու սպիտակ խաղահարթակների առաջ, պայքարում ու փափագում էին, որպեսզի հենց իրենց շուրթերից հնչի «շախ և մատ» սպասված արտահայտությունը: Սա առաջին անգամն էր, երբ ճամբարային օրերից դուրս, իրար դեմ հանդիման խաղում էին Երևանի (Բաղրամյան 18, ՀԱԹ, Հույսի Տուն), Աբովյանի, Այնթապի, Իջևանի, Կապանի, Ալավերդու, Արմավիրի, Շիրակամուտի և Վանաձորի ՀԱԵ մանկապատանեկան ծառայության մասնակիցներն, ովքեր մի պահ մոռացել էին իրենց քաղաքային պատկանելությունն ու դարձել շախմատի մրցաշարի «քաղաքացիներ»: ՔԴ սպորտային բաժնի կողմից կազմակերպված այս հանդիպման նպատակը մեկն էր՝ հետճամբարային մրցաշար իրականացնելու միջոցով երեխաներին միաբանել, միջեկեղեցական ամուր կապ ստեղծել ապագա սերնդի միջոցով և այս ամենն անել հենց ինտելեկտուալ խաղի ձևաչափով՝ ընդգծելով գիտելիքի կարևորությունն ու կենսականությունը: «Անհնարին քայլ...», «մրցավար մենք ավարտեցինք...» արտահայտություններով էր լցվել ամբողջ խաղասրահը, որտեղ յոթ անգամ տարբեր զույգեր կազմելով մասնակիցները պայքարում էին հանուն գիտելիքի: Ի վերջո հաղթական գավաթները վաստակեցին երեք մասնակից՝ Այնթապից Սմբատ Գևորգյանը երրորդ հորիզոնական, Իջևանից Դավիթ Ալիխանյանը երկրորդ հորիզոնական և Վանաձորից Մարիա Մարկոսյանը առաջին հորիզոնական: Եզրափակիչ «շախ և մատ» հնչեց միայն երեք մասնակցի շուրթերից, սակայն հաղթանակ տարան բոլորը, քանի որ ոմանք հեռացան գավաթով, իսկ ոմանք լավ հիշողությունով ու նորաստեղծ ընկերությամբ:

Թեհմինե Առաքելյան

Նախորդ
...
X