.
Ամենատես Աստված

Ոչ մի բառով Աստծուն հնարավոր չէ ավելի բարեհաջող լույսի ներքո ներկայացնել, քան այն ժամանակ, երբ մենք Նրա մասին խոսում ենք որպես մեկի, որը թողել է գահը և երկնքից ներքև է իջել, որպեսզի պատասխանի մարդկության կարիքներին և սպասումներին: Մենք սիրում ենք Նրան, ով, տեսնելով Սոդոմի և Գոմորի անօրենությունները, չկործանեց այդ քաղաքները, մինչև այնտեղ չեղավ անձամբ: Մեր սրտերը լի են սիրով այն Աստծո հանդեպ, ով խոնարհեցնում է իր ականջը մահացող մեղավորի շուրթերին, որի թուլացող սիրտը սաստիկ հաշտություն է փափագում: Ինչպե՞ս կարելի է չսիրել Նրան՝ իմանալով, որ Նա հաշվել է մեր գլխի մազերը, որ Նրան հայտնի են այն ուղիներն ու ճանապարհները, որոնցով մենք քայլում ենք, որ Նա մեզ դնում է այն ճանապարհի վրա, որով պետք է քայլենք: Այդ մեծ ճշմարտությունը հատկապես մոտ է մեր սրտերին, երբ մենք հիշում ենք, թե Նա որքան ուշադիր է ոչ միայն մեր նյութական կարիքների, այլև հոգևոր պահանջների հանդեպ: Թեև մահկանացու արարածի և անմահ Արարչի միջև անչափելի հեռավորություն կա, կան երկուսին միավորող օղակներ: Երբ դու արցունք ես թափում, մի՛ կարծիր, թե Աստված դրանք չի տեսնում, քանի որ «Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես էլ Տերն է գթում Իրենից վախեցողներին» (Սաղ. 103.13): Քո ամեն հոգոցի ժամանակ ալեկոծվում է Եհովայի սիրտը, քո ամեն շշուկի ժամանակ Նա դեպի քեզ է խոնարհում ականջը, քո վստահող աղոթքի ժամանակ սկսում է աշխատել Նրա բարերար ձեռքը: Մի՛ կարծիր, թե Աստված գտնվում է բարձրերում՝ ուշադրություն չդարձնելով քեզ: Որքան էլ դու աղքատ լինես, ու որքան էլ կարիքի մեջ լինես, Տերը մշտապես հոգում է քո մասին, քանի որ Նրա աչքերը զննում են ողջ երկիրը՝ աջակցելով նրանց, ում սիրտը Նրան է հանձնված:  

Չ․ Սպերջեն, «Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ», էջ 289

Նախորդ
...
X