.
Մխիթարյան քույրերի ելույթը ՀԱԵ-ում

Նոյեմբերի 20-ին, Հայաստանյայաց Ավետարանական եկեղեցում՝ Բաղրամյան 18-ում, կիրակնօրյա պաշտամունքից հետո փոքրիկ համերգային ծրագրով հանդես եկան Հայաստանում, ու արդեն նաեւ երկրի սահմաններից դուրս, կնոջ համար անսովոր մասնագիտություններով հայտնի Մխիթարյան քույրերը:  Դուդոկահար Աննան՝ պրոֆեսինալ երաժիշտ է՝ կոնսերվատորիական կրթություն ունի, իսկ Անահիտը մասնագիտությամբ գենետիկ է, բայց այնքան վարժ ու վարպետորեն է տիրապետում դհոլին, որ նույնիսկ դասավանդում է Ավանի արվեստի դպրոցում: 

Քույրերը նվագում են փոքր հասակից, թեեւ տարբեր առիթներով խոստովանում են, որ ընտանիքում ուրիշ երաժիշտներ չկան, իսկ ժողովրդական նվագարանների ու ազգային ամեն ինչի հանդեպ սերը ձայնային հրաշալի տվյալներ ունեցող մայրիկից է գալիս: 

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում նրանց ելույթը զուտ ազգային ու ժողովրդական կատարումներից էր բաղկացած՝ Կոմիտաս, Սայաթ Նովա, Շերամ եւ այլն: Մխիթարյան քույրերը՝ առանց կողմնակի նվագակցության ապացուցեցին, որ միայն դուդուկով ու դհոլով հնարավոր է հրաշաի երաժշտություն վերարտադրել ու հրաշալի կատարողականություն ապահովել: 

ՀԱԵ հոգեւոր հովիվ Վեր. Հովհաննես Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց քույրերին հրաշալի ելույթի համար: Վերապատվելին նշեց, որ եկեղեցու առաջիկա ծրագրերում նախատեսվում է Մխիթարյան քույրերի օգնությամբ, երեխաների եւ պատանիների համար դուդուկի ու դհոլի խմբակներ ստեղծել, ինչի շնորհիվ կկոտրվի այդ գործիքները միայն տղաներին հասանելի լինելու կարծրատիպն ու ինչ որ չափով կապահովվի ժողովրդական նվագարանների ու ազգային մշակույթի երկարակեցությանը: 

Նախորդ
...
X