.
Սուրբ Ծննդյան նվերների փաթեթավորում

Երկիր մոլորակը տարվա մեջ մեկ անգամ լուսավորվում է առավել քան երբևէ. երբ փողոցների սյուները, օդում կախված լարերը, շքամուտքերն ու եղևնիները գունավորվում են լույսերով, կռահում ենք՝ այն իրադարձությունն է, որը սեփական ծննդյան օրվանից առավել է կարևորվում, չէ՞ որ տոնում ենք այն ՄԻԱԿԻ ծնունդը, ում կյանքով մենք կյանք ունեցանք և դրանից էլ ավելին:

Հենց այս ժամանակ մինչ բոլորը, առավելապես՝ փոքրերը, իրենց սրտի խորքում սպասում են Սուրբ Ծննդյան հրաշքին, այն արդեն իսկ պատրաստվում է մի խումբ երեխաների համար: 

Չորս օր՝ դեկտեմբերի 15-17-ը և 20-ին Ավետիսյան դպրոցում Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության համատեղ ուժերով շուրջ 12.000 նվեր փաթեթավորվեց պատանիների և մի խումբ կամավորների ձեռքերով: Նվերների փաթեթում կար մի փոքրիկ, բայց արժեքավոր գրքույկ, որն ընդգծում է այս տոնի գլխավոր նպատակն ու պատմում կարևորագույն հրաշքի ու նվերի՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին:  

Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքներում ու գյուղերում ՀԱԵ-ն նվերները կփոխանցի երեխաներին միայն մեծագույն նվերի մասին պատմող միջոցառումից հետո, երբ բեմից ներկայացման հերոսները կխոսեն ու կազդարարեն՝ Բարի Լուր է, Բարի Լուր: 12.000 մանուկ իր հետ տուն կտանի Սուրբ Ծննդյան հրաշքը՝ ԲԱՐԻ ԼՈՒՐԸ, և մի փոքրիկ նվեր:

Երկիր մոլորակը տարվա մեջ մեկ անգամ լուսավորվում է առավել քան երբևէ ՝ հիշեցնելով իրական լույսի Աղբյուրի մասին, ով մարդկային սրտերն է լուսավորում ու նոր կյանք բերում Սուրբ Ծննդյան և դրան հաջորդող բոլոր օրերի ընթացքում:     

 

Թեհմինե Առաքելյան

Նախորդ
...
X