.
Տարեվերջյան խորհրդածություն: Հովհաննու 7.37

«Այդ տոնի վերջին, մեծ օրը Հիսուսը կանգնեց և բացականչեց՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա և խմի» (Հովհաննու 7.37)

 

Համբերությունը Հիսուս Քրիստոսում կատարեց իր կատարյալ աշխատանքը: Ինչպես տոնի վերջին օրը Նա կանչեց հրեաներին, այնպես էլ այս տարվա վերջին օրը Նա կանչում է մեզ, որպեսզի հայտնի Իր գթածությունը: Հիրավի, հիացմունքի է արժանի մեր Փրկչի երկայնամտությունը, որ տարեցտարի հանդուրժել է մեր խռովարար էությունը և հակառակությունը Սուրբ Հոգու հանդեպ: Այն, որ մենք դեռ շնորհքի տակ ենք, պարզապես հրաշքների հրաշքն է: 

Կարեկցանքն այստեղ արտահայտված է բավականին պարզ, քանի որ ասվում է, որ Հիսուսը բացականչեց, ինչը ենթադրում է ոչ միայն ձայնի ուժգնություն, այլև մեղմ, նուրբ երանգ: Նա մեզ աղերսում է հաշտվել Աստծո հետ: «Ինչպես Աստված մեր միջոցով հորդորում է ձեզ,- գրում է Պողոս առաքյալը,- Քրիստոսի կողմից աղաչում ենք ձեզ՝ հաշտվեցե՛ք Աստծո հետ» (Բ Կոր. 5.20): Ի՜նչ մեծ է այն սերը, որ դրդում է Տիրոջը ողբալ մեղավորների համար, և մոր նման Իր զավակներին սեղմել Իր կրծքին: Կասկած չկա, որ այսպիսի կանչի դեպքում մեր ծարավ սրտերը կարձագանքեն: 

Նրա նվիրատվությունը լիառատ է: Մարդն ապահովված է ամեն անհրաժեշտ բանով, որպեսզի հագեցնի իր ծարավ հոգին: Փրկագնման միջոցով նրա խիղճը խաղաղություն է ձեռք բերում: Ավետարանը հորդորներով է հարստացնում նրա հիշողությունը: Տերը սիրով է լցնում նրա սիրտը: Իսկ նրա ողջ գոյությունը հագենում է ճշմարտությամբ՝ այնպիսի ճշմարտությամբ, ինչպիսին կա Հիսուսի մեջ: Ծարավը տանջում է, բայց Քրիստոսն ի զորու է այն հագեցնելու: Հոգին քաղցած է, բայց Քրիստոսն այն կկշտացնի: 

Քրիստոսի հրավերը՝ «ե՛կ և խմի՛ր», վերաբերում է բոլորին: Ինչպիսի ծարավ էլ որ մարդը զգա՝ սնափառության, վայելքի, գիտելիքի կամ խաղաղության, նա հրավիրվում է Հիսուս Քրիստոսի մոտ: Ծարավն ինքն իրենով կարող է գարշելի լինել՝ առանց շնորհքի որևէ նախանշանի և ավելի շուտ պայմանավորված լինել մեղքով՝ կրքերին հագուրդ տալու ձգտմամբ: Սակայն իր սեփական արժանիքների շնորհիվ չէ, որ մարդը ստանում է այդ հրավերը. Քրիստոսը հրավիրում է ձրի՝ առանց մարդկային վաստակը հաշվի առնելու: 

Նրա անձն այստեղ դրսևորվում է առավել լեցուն: Մեղավորը պետք է գա հենց Քրիստոսի մոտ. ոչ թե ծեսերի, գործերի, ուսմունքների մոտ, այլ անձնական Փրկչի մոտ. «Նա մեր մեղքերը Իր մարմնով կրեց խաչափայտի վրա» (1 Պետ. 2.24): Արնաշաղախ, մահացած ու հարություն առած Փրկիչը միակ հույսն է մեղավորի համար: Օ՜, միայն թե հիմա իջնի շնորհքը, որպեսզի ագահորեն խմենք կենաց ջուրը, քանի դեռ մայր չի մտել այս տարվա վերջին օրվա արևը: 

Պետք չէ դրա համար ո՛չ պատրաստվել, ո՛չ սպասել: Հիմարը, ավազակը, անառակը՝ բոլորը կարող են խմել: Մեր մեղսավոր էությունը խոչընդոտ չէ Հիսուսին հավատալու համար: Մեզ հարկավոր չէ ո՛չ ոսկե գավաթ, ո՛չ էլ ադամանդազարդ գավաթ, որպեսզի այդ ջուրը տանենք նրանց, ովքեր ծարավ են: Ամենաթշվառն անգամ կարող է կռանալ ու խմել հոսող վտակից: Բշտիկներով պատված, բորոտ ու ստախոս շուրթերը կարող են հպվել աստվածային սիրո վտակին: Նրանք ի զորու չեն այն պղծելու, փոխարենը իրենք կմաքրվեն: Հիսուսը հույսի աղբյուր է: Սիրելի՛ ընթերցող, ակա՛նջ դիր մեր թանկագին Փրկագնողի սիրող ձայնին, որը կանչում է մեզնից յուրաքանչյուրին. 

ԵԹԵ ՄԵԿԸ ԾԱՐԱՎ Է, ԹՈՂ ԻՆՁ ՄՈՏ ԳԱ ԵՎ ԽՄԻ: 

 

Չ․ Սպերջեն, «Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ», էջ 388

 

Նախորդ
...
X