.
Սուրբ Ծննդյան միասնական պաշտամունք

«Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, մեզ և ձեզ մեծ Ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»։

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Փրկչի Ծննդյան Բարի Լուրն ավետում է հունվարի 5-ի երեկոյից սկսած։ Հայաստանի ու Արցախի տարբեր քաղաքների եկեղեցիներում կամ ավետման պաշտամունքներ են լինում, կամ երիտասարդներից կազմված երգչախմբերը շրջում են տնետուն և Սուրբ Ծննդյան երգերով են ավետում Փրկչի հայտնությունը։ Հունվարի 6-ին ՀԱԵ բոլոր եկեղեցիներում Սուրբ Ծննդյան պաշտամունք է տեղի ունենում։ Այս տարի Երևանի Բաղրամյան 18-ում գտնվող  ՀԱԵ համայնքը հյուրընկալել էր Աբովյանի, Երևանի ՀԱԹ և Հույսի Տուն համայնքների անդամներին։ Միասնական պաշտամունքի բեմում նույնպես ՀԱԵ 4 համայնքների հովիվներն ու ծառայողներն էին։ 

Սուրբ Ծննդյան միասնական պաշտամունքը սկսվեց Քրիստոսին խորհրդանշող մոմի վառման արարողությամբ։ Վեր․ Հովհաննես Հովսեփյանը հիշեցրեց, որ Սուրբ Ծնունդին նախորդող 4 շաբաթներից յուրաքանչյուրի ընթացքում վառվել է մեկական մոմ՝ խորհրդանշելով հույսը, խաղաղությունը, ուրախությունն ու սերը։ 5-րդ և ամենամեծ մոմը Հիսուս Քրիստոսն է՝ բոլոր այդ հատկությունների աղբյուրը։ 

Միասնական պաշտամունքի ողջ ընթացքում Սուրբ Ծննդյան երգեր էին հնչում, որոնք առաջնորդում էր Երևանի և Աբովյանի ՀԱԵ փառաբանության խմբերի կատարողներից կազմված երգչախումբը։ Պատվելիներ Արմո Արզումանյանը և Սուրեն Մակարյանը Քրիստոսի Ծնունդն ազդարարող սուրբգրային համարներ ընթերցեցին, որին հաջորդեց վեր․ Ավետիք Խաչատրյանի հովվական աղոթքը։

Սուրբ Ծննդյան ավետիս և մտորելու կոչ հնչեց նաև պատգամում։ Վեր․ Գևորգ Գասպարյանը հատվածն առել էր Մատթևոսի ավետարանի 2-րդ գլխի 1-12 համարներից։ Վերապատվելին, առանձնացնելով Հիսուսի Ծննդյան պատմության մեջ նկարագրվող տարբեր կերպարներին, խոսեց պատճառների մասին, թե ինչու՞ էին նրանք փնտրում մանուկ Հիսուսին, և հորդորեց մտածել, թե ինչու՞ ենք մենք այսօր փնտրում Աստծուն․․․ «Ոմանք փնտրում են, որովհետև դժվարության մեջ են, բայց չեն ցանկանում, որ Աստված տնօրինի իրենց կյանքը, երբ խաղաղ է վիճակը, ոմանք փնտրում են Աստծուն, որովհետև ատում են իրենց մեղքը և փրկչի կարիքն ունեն, բայց իմաստուն մարդը փնտրում է Աստծուն, որովհետև ցանկանում է անկեղծ երկրպագել Նրան․․․ Սուրբ Ծնունդին եկեղեցի գալն էլ կարող է տարբեր շարժառիթներ ունենալ, բայց եթե շարժառիթը լիարժեք գիտակցմամբ Փրկչին փառաբանելն է, ապա դու իմաստուն մարդ ես»,- նշեց վեր․ Գասպարյանը։ 

Պաշտամունքն ավարտվեց «Լուռ Գիշեր» երգի կատարմամբ և վեր․ Հովհաննես Հովսեփյանի օրհնության աղոթքով։

Նախորդ
...
X