.
ՀԱԵ հովիվների ու երեցկանանց հանդիպում

 Հայաստանյայաց Ավետարանական եկեղեցու հոգևոր խորհրդի նախաձեռնությամբ հունվարի 10-ին Սուրբ Ծննդյան ավետիսը միմյանց հայտնելու հնարավորություն ունեցան նաև Հայաստանի տարբեր շրջանների ՀԱԵ հովիվներն ու երեցկանայք: Միասնական պաշտամունքին, որը տեղի ունեցավ Երևանում՝ Բաղրամյան 18-ում, մասնակցում էին ՀԱԵ Երևանի, Գյումրու, Վանաձորի, Ալավերդու, Շիրակամուտի, Արմավիրի, Իջևանի, Դիլիջանի, Գորիսի, Սիսիանի, Կապանի և Վարդենիսի հոգևոր հովիվներն ու երեցկանայք:

Հանդիպումը սկսվեց ՀԱԵ խորհրդի նախագահ, Ւջևանի ՀԱԵ հովիվ վեր. Ալբերտ Փայտյանի ողջույնի խոսքով: Վերապատվելին շեշտեց նոր տարին հովիվների միջև հոգևոր հաղորդակցությամբ, իրար քաջալերելով ու միմյանց համար աղոթելով սկսելու կարևորությունը: Նկատեց բացականերին, ու խնդրեց աղոթել հատկապես նրանց համար, ում բացակայության պատճառն առողջական խնդիրներն էին:

Պաշտամունքը սկսվեց Սուրբ Ծննդյան ավետիսով: Ընթացքն առաջնորդում էր Վարդենիսի հովիվ Արմեն Մովսիսյանը. Սուրբ Ծննդյան երգեր, սաղմոսներ, Փրկչի Ծնունդն ազդարարող աստվածաշնչյան տարբեր հատվածների ընթերցում: Հատուկ պահ առանձնացվեց աղոթքի համար: Մի քանի հովիվներ աղոթեցին ՀԱԵ առաքելության, ընթացքի, արթնության, հայրենիքի, սահմանների, անվտանգության ու այլ կարևոր նյութերի համար:

Հանդիպման պատգամաբերը ՀԱԵ Կապանի հոգևոր հովիվ Մհեր Շարբաթյանն էր, ով Աստծո Խոսքն առել էր Փիլիպպեցիներին ուղղված նամակի 3-րդ գլխի 1-12 համարներից: Շարբաթյանը պայմանականորեն հատվածը բաժանել էր 3 մասի. 1-3 համարներն այն մասին են, թե ի՞նչն է հովիվներին իրական արժեք տալիս, 4-6 համարները զգուշացում է, թե ինչի՞ մեջ են մարդիկ փորձում իրենց արժևորել, իսկ շարունակությունը փրկության փարոսին վերագտնելու ուղին է: Մհեր Շարբաթյանը քաջալերեց հովիվներին իրենց կարևոր ծառայության մեջ և հորդորեց միշտ հիշել, թե սեփական ես-ից ու մարդկային գործելակերպից հրաժարվելն ու Սուրբ Հոգու առաջնորդությանն ապավինելն է հովվության իրական հաջողության գաղտնիքը: «Ցավոք, նույնիսկ հոգևոր ծառայության ոլորտում, երբ երկար տարիներ նույն բանն ես անում, շատ բաներ սկսում են սովորական դառնալ, իներցիայով ընթանալ, ու մենք սկսում ենք սեփական հեղինակության վրա կառուցել շատ բաներ: Աղոթքս ու մաղթանքս է, որ այս օրերին, երբ ամենուր հնչում է Սուրբ Ծննդյան բարի լուրը, թույլ տանք, որ մեր ես-ը փոքրանա, իսկ Մանուկ Հիսուսը մեծանա մեր մեջ, որ Սուրբ Հոգին լինի այն իրական հեղինակությունը, որով կառաջնորդվենք մեր ծառայությունների մեջ: Ու թող ոչ մի ինքնաարդարացում չխանգարի մեզ գտնել Աստծուն»,- նշեց Շարբաթյանը՝ որպես պատգամի ամփոփում:

Պաշտամունքն ավարտվեց ՀԱԵ Վանաձորի հոգևոր հովիվ վեր. Վարդան Ափինյանի հովվական աղոթքով, իսկ հովիվների ու երեցկանանց հաղորդակցությունը շարունակվեց ավելի անմիջական մթնոլորտում՝ ճաշի սեղանի շուրջ:

Նախորդ
...
X