.
«Գիշերային խառնաշփոթ» Սուրբ Ծննդյան ներկայացում

«Բաց թողեք ինձ այստեղից»,-բեմում էր եսասեր, բամբասկոտ, ստախոս ու ագահ կառավարչի սրտում ապրող փոքրիկ Չարուկը, բղավում էր, քանի որ սուտը, հպարտությունն ու մյուս արատները փակել էին նրան պահարանում՝ չար կոչվելու, սակայն Սուրբ Ծննդյան հրաշքը խափանել չցանկանալու մեղադրանքով, նրա կողքին էր միայն նիհարակազմ Բարուկը: 

Մինչ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բոլորը վերադառնում էին իրենց բնականոն կյանքին՝ ետևում թողնելով «չխափանված» Սուրբ Ծննդյան տրամադրությունն ու սպասումնալից ապրումները, մի խումբ մանուկներ դեռ շարունակում էին վայելել տոնակատարությունները. Երևանի Բաղրամյան 18 հասցեում գտնվող ՀԱԵ եկեղեցաշենքում հունվարի 12-ին և 13-ին ավելի քան 2000 երեխա յուրաքաչյուր օր երեք հերթափոխով դիտում էր «Հայասա» թատերախմբի «Գիշերային խառնաշփոթ» ներկայացումը(ռեժիսոր՝ Նունե Աբրահամյան), և հեռանում՝ իր հետ տանելով նախապես պատրաստված նվեր: Այս ամենն իրականացավ Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության համատեղ ջանքերի շնորհիվ:  

Ներկայացման ընթացքում դահլիճում լռություն էր, որը երբեմն խափանվում էր փոքրիկների կողմից արտահայտած զարմանքի ու հիացմունքի ցածրաձայն հնչյուններով: Նրանք, հետևելով բեմահարթակին կատարվող գործողություններին, միաժամանակ հայացք էին գցում ներս, իսկ ոմանք գուցե հենց այդտեղ գտնում էին նույնանման հերոսների՝ չէ՞ որ Սուրբ Ծնունդը լավագույն առիթն է՝ տեսնելու մեր ներսի մարդուն և ազատվելու արատներից՝ ստից, հպարտությունից, եսասիրությունից, բամբասանքից, չարությունից…, չէ՞ որ այն լավագույն ժամանակն է մեր սերն ու բարությունը մարդկանց հանդեպ արտահայտելու, չէ՞ որ այն իրական հրաշքի մասին է, այն Միակի, ում ծնունդով և միջնորդությամբ մենք մեր միջի արատներից ազատվելու և բարին աճեցնելու հնարավորություն ստացանք:

Պահարանի դուռը բացվեց և նիհարակազմ չարուկի փոխարեն բեմ դուրս եկավ չաղլիկ բարին: Մինչ այս, սակայն, բեմում իրական խառնաշփոթ էր.Չար կառավարչի արատները գողացել էին Սուրբ Ծննդյան ուրախությունը, որը, նրանց կարծիքով մի փոքրիկ աղջնակ էր, ով մեծանում էր սիրո ու ջերմության մեջ: Սակայն ընթացքում, երբ Չարուկը բացահայտեց Սուրբ Ծննդյան իրական ուրախությունը՝ Հիսուս Քրիստոսին, կարողացավ հաղթահարել իր վախերը և փրկեց աղջկան՝ երջանկացնելով նրա ընտանիքի անդամներին ու ընկերներին: Սուրբ Ծննդյան գիշերը փոխվեց նաև գլխավոր հերոսը, վերացան նրա մեջ ապրող արատները, իսկ սրտում ապրող վտիտ բարությունը գիրացավ:

Ավելի քան 2000 երեխա վերադարձավ տուն՝ հիշելով Սուրբ Ծննդյան իրական Հրաշքի և իր սրտում չաղլիկ բարուկ ունենալու կարևորության մասին: 

 

Թեհմինե Առաքելյան 

 

Նախորդ
...
X